Բաժիններ՝

Իսրայելը պատրաստ է մշտական հրադադարի Գազայում «ՀԱՄԱՍ»-ի՝ իշխանությունից հեռանալու դեպքում

Իսրայելը պատրաստ է համաձայնել Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի կնքմանը միայն այն պայմանով, որ արմատական ​​պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հեռացվի իշխանությունից։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը։

«Սա պետք է պարզ լինի. Իսրայելը չի ​​ավարտի այս պատերազմը, քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել: Ինչ վերաբերում է վերջնական նպատակին, ապա դա, իհարկե, մշտական ​​հրադադարի հաստատումն է, բայց «ՀԱՄԱՍ»-ը չպետք է լինի իշխանության, Գազան պետք է ապառազմականացվի և արմատականացվի», – շեշտել է նա:

Մենսերը հստակեցրել է՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի հիմնական նպատակները մնում են անփոփոխ՝ «ՀԱՄԱՍ»-ի ռազմաքաղաքական կառույցի պարտություն և այնտեղ պահվող բոլոր պատանդների, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ։

Նա նաև հավելել է, որ Իսրայելի իշխանությունները խորհրդակցություններ են սկսել ԱՄՆ-ի գործընկերների հետ «ՀԱՄԱՍ»-ի հետ համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ, որը կհանգեցնի անկլավում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը։ «Այո՛, այս քննարկումները, կարծում ենք, դժվար են լինելու, բայց մենք հանձնառու ենք մեր պատանդներին տուն բերելու և պատերազմի մյուս բոլոր նպատակներին հասնելու հարցում»,- շեշտել է Դեյվիդ Մենսերը։

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Նույն օրը պաղեստինյան խմբավորումները ազատ են արձակել պատանդների առաջին խմբին, որոնց թվում եղել են երեք իսրայելցի կանայք։ Ըստ պայմանավորվածությունների՝ համաձայնագրի առաջին փուլի իրականացումը կտևի 42 օր, որի ընթացքում «ՀԱՄԱՍ»-ը հրեական պետության բանտերում պահվող պաղեստինցի գերիների դիմաց կազատի առնվազն 33 իսրայելցի պատանդի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս