![](/banners/BeFunky-design.jpg)
Շիրակի փոխմարզպետը նաև Ախուրյանի ավագանու անդամ է. ՔՊ-ական հերթական աճպարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Albert-Ayvazyan.jpg)
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն ամեն քայլափոխի այնքան է խախտում հնարավոր ու անհնարին բոլոր օրենքներն ու իրավական կարգավորումները, որ թվում է՝ արդեն զարմանալ նույնիսկ հնարավոր չէ, բայց երբեմն այնպիսի արտառոց բաներ են տեղի ունենում, որ չարձանագրելն անհնարին է:
Այսպես, Շիրակում, օրինակ, ՔՊ-ականները որոշել են խախտել միանգամից 2 օրենք՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և «Հանրային ծառայության մասին» օրենքը:
Ամենաթողությունն այնքան է հղփացրել ՔՊ-ականներին, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը միաժամանակ նաև Ախուրյան համայնքի ավագանու անդամ է, մինչդեռ ոսկե կանոն է՝ տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը միմյանցից անկախ պետք է գործեն, իսկ փոխմարզպետը գործադիրի ներկայացուցիչ է:
Ուշագրավ է, որ Ախուրյանի ավագանիի ցուցակում Ալբերտ Այվազյանի լուսանկարը բացակայում է:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը կարգավորում է համայնքի ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման խնդիրը:
Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների:
Այսինքն, Ալբերտ Այվազյանը, ըստ 2024թ. մայիսին օրենքում կատարված փոփոխությունների, կարող է լինել, օրինակ՝ Գյումրիի փոխքաղաքապետ, բայց փոխմարզպետ լինել չի կարող: Բայց Ալբերտ Այվազյանը ոչ միայն համատեղում է Շիրակի փոխմարզպետի ու Ախուրյան համայնքի ավագանու անդամի պաշտոնները, այլև գործուն մասնակցություն է ունենում համայնքի ավագանու աշխատանքներին, ուղղորդում ավագանու անդամներին:
Հետաքրքիր է՝ Շիրակի մարզպետը կամ հենց ինքը՝ փոխմարզպետը, լսած կա՞ն «շահերի բախում» արտահայտության մասին, գիտե՞ն, որ չի կարող մարզի շահերն առաջ տանող պաշտոնյան զբաղվել նաև մարզի կոնկրետ համայնքի կառավարմամբ: