Իրավաբանական ծառայությունը թանկանում է. այսօր իրավաբանական օգնության կարիք ունեցողների մեծ թիվ կա
Փաստաբանների հարկային բեռի ավելացմամբ կավելանա անպաշտպան քաղաքացիների թիվը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Արա Զոհրաբյանը
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից 2025 թ. հունվարի 1–ից տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ և վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։
Փաստաբաններն այսօր բողոքի ակցիա են անցկացնում` հրաժարվելով դատարաններում ու քննչական մարմիններում իրավաբանական օգնություն ցուցաբերելուց։
«Մեր ծառայությունները թանկացել են, անվճար իրավաբանական ճանապարհը փակվում է, դատարան դիմելու պետական տուրքը ավելացել է, նոտարական ծառայությունները ևս հուլիսի 1-ից թանկացվելու են։ Ստացվում է` ամեն ինչ արվում է, որպեսզի մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանելուց։ Փաստաբանների հարկային բեռի ավելացմամբ ուղղակի ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ»,– ասաց Զոհրաբյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել փաստաբանների ընդհանուր ժողով, և օրակարգային հարցերից մեկը եղել է դատապարտող հայտարարության ընդունումը։ Այն կհրապարակվի վաղը, որից հետո փաստաբանները նախատեսում են միջոցառումների շարք, այդ թվում` մասշտաբային բողոքի ակցիաներ։
Ըստ Զոհրաբյանի` այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել, քանի որ ԱԱՀ համակարգն ունի կարգավորւոմ, ըստ որի` եթե դու անվճար իրավաբանական օգնություն ես տրամադրում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 տոկոսը։
«Սա բերելու է այն խնդրի, որ Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված էր, էլ ավելի կծանրաբեռնվի։ Փաստաբանների մեր ակադեմիան տարեկան շուրջ 2000 մարդու անվճար ծառայություն էր մատուցում` ունկնդիրների ու փաստաբանների ուղեկցությամբ։ Սրա արդյունքում Հանրային պաշտպանի գրասենյակը չէր խորտակվում»,- նշեց փաստաբան։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն էլ իր հերթին նշեց, որ անարդարացի է համարում փաստաբաններին ընդհանուր հարկման ռեժիմ տանելը, քանի որ սա այն մաքսիմալ հարկումն է, որը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանը, արտադրությանը։