Բաժիններ՝

Պատգամներ Մսուրից

Ամեն տարի նշում ենք մեր Աստված, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծնունդ, որ սովորական մարդկանց ծնունդների նման չէ, այլ․ «Զմինն յերից անձանց զԲանն Աստուած՝ ծնեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս, ի ժամանակի իջեալ յԱստուածածին կոյսն Մարիամ, առեալ յարենէ նորա՝ միաւորեաց ընդ իւրում Աստուածութեանն, իննամսեայ ժուժկալեալ յարգանդի անարատ կուսին, եւ եղեւ Աստուածն կատարեալ՝ մարդ կատարեալ՝ հոգւով եւ մտօք եւ մարմնով. մի անձն, մի դէմ եւ միաւորեալ մի բնութիւն» (Դավանություն հավատի):

Այս հոդվածի նպատակն է մտապես և հոգեպես այցելել Հիսուս Քրիստոսի ծննդավայրը՝ մսուրը, այնտեղից քաղել գանձեր՝ պատգամներ, դասեր ու խրատներ, և աշխատել այդ բոլորը իրագործել մեր կյանքում:

Մսուրը մեզ փոխանցում է շատ պատգամներ, որոնցից կարելի է նշել՝

Ժամանակի պատգամը: Ադամը և Եվան իրենց ազատ կամեցողությամբ կերան Դրախտում գտնվող  բարու ու չարի գիտության ծառից. «Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան» (Ծննդ. 3: 6): Նախքան Ադամի և իր կնոջ վտարումը Դրախտից (Ծննդ. 3: 24), Աստված  մարգարեություն հայտնեց՝ ասելով. «Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3:15), որ իրականացավ հազարավոր տարիներ հետո, ժամանակի լրումին. «Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝ փրկագնելու նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4:4), երբ Բանն Աստված մարմնացավ,  չարչարվեց, խաչվեց, իր խաչով ջախջախեց Սատանայի գլուխը:

Կարդացեք նաև

Ուստի, Մսուրի պատգամներից մեկն է. «Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը․…» (Ժող 3:1): Ինչքան էլ լինեն մեր առօրյա կյանքի դժվարությունները, դիմագրաված բազմատեսակ նեղությունները, կրած տառապանքները, միշտ հիշենք, որ՝ 1. դրանք բոլորը ժամանակավոր են, 2.  Ամենագութ Աստված հարմար ժամանակին կմիջամտի և կգործի Իր փառքի համար:

Սիրո պատգամը: Մսուրի մեջ կա սիրո պատգամ, Աստված այնքան սիրեց մարդուն, որ նրա համար մարմնացավ, ծնվեց ոչ շքեղ վայրի՝ տան կամ պանդոկի մեջ, այլ մսուրի մեջ և երեսուներեք տարի հետո խաչվեց. «Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3: 16):

Մսուրն ու Գողգոթան սիրո վայրեր են, այնտեղ շողում է Աստծո անսահման սերը մեղավոր մարդու նկատմամբ: Երանի միշտ նայենք Մսուրին և աշխատենք ու պայքարենք հոգեմտավորապես, որպեսզի մեր մեջ օրըստօրե ավելի աճի, մեծանա ու զորանա սերը՝ 1. որ մեծագույն պատվիրանն է (Մատթ. 22, Մրկ. 12, Ղուկ. 10), 2. որ  ծածկում է ամեն մի ներհակություն (Առակ. 10:12, Էջմիածին թարգմանություն), 3. որ հզոր է մահվան պես (Երգ Երգոց 8:6), 4. որ չի մարում առատ ջրերի դիմաց (Երգ Երգոց 8:7), 5. որ ընկերոջ հանդեպ չարիք չի գործում (Հռոմ. 13:10), 6. որ շինում է (Ա. Կորնթ. 8:1, Արարատ թարգմանություն), 7.  որ մեծահոգի է, բարյացակամ, չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում (Ա Կորնթ. 13:4), 8. որ երբեք չի վախճանվում (Ա Կորնթ. 13:8), 9. որ հավատից և հույսից մեծ է (Ա Կորնթ. 13:13), 10. որ Սուրբ Հոգու պտուղներից առաջինն է (Գաղ. 5:22), 11. որ կապն է կատարելության (Կող. 3:14), 12. որ ծածկում է մեղքերի շատությունը (Ա Պետ. 4:8), 13. որ Աստծուց է (Ա Հովհ. 4:7):

Խոնարհության պատգամը: Քրիստոս, որի մասին վկայում է Աստվածաշունչը՝ ասելով. «Որ լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։ Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ» (Փիլ. 2:6-8)։

Խոնարհ լինելը Մսուրի պատգամներից է, լինենք խոնարհ մտածումով, խոսքով և գործով: Աստված խոնարհներին տեսնում է (Սղմ. 137:6), բարձրացնում է (Հոբ. 5:11), և նրանց շնորհ է տալիս (Ա. Պետ. 5:5): Միշտ վերհիշենք, որ հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է, և չենք կարող դրանով ժառանգել Երկնքի արքայությունը:

Հանդուրժողականության պատգամը: Ճիշտ չէ կարծել, որ Հիսուս Քրիստոսի հանդուրժողականությունը երկրի վրա սկսեց Գողգոթայից՝ խաչելության ժամանակ, այլ՝ Մսուրից: Նա, որ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին անդադար փառաբանվում է սերովբեների կողմից. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը» (Ես. 6:2), մեզ համար հանդուրժեց խոնարհ, խոնավ ու խավար Մսուրը: Մսուրում կա հանդուրժողականության պատգամ՝ հանդուրժենք մարդկանց՝ մեզ ատողներին ու հալածողներին, դիմանանք, տոկանք ու համբերություն ցուցաբերենք կյանքի փորձությունների և նեղությունների ժամանակ:

«Եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Ահա մշակը համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև ստանա առաջին ու վերջին անձրևը։ Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է» (Հակ. 5:7-8):

Ուրախության պատգամ: Մսուրը ուրախություն է պատգամում, որովհետև Հիսուսի ծնունդը ուրախություն պատճառեց՝ 1. Կույս Մարիամին, 2. հրեշտակներին, որոնք օրհնում էին Աստծուն ու ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկ. 2:13-14), 3. հայր Հովսեփին, 4. հովիվներին, որոնք, իմանալով Տիրոջ հրեշտակից Փրկիչի ծնունդն ու ծննդավայրը, շտապ եկան Մսուր, այնտեղ գտան մանկանը իր մոր՝ Մարիամի և Հովսեփի հետ, և այցելության ավարտին վերադարձան իրենց հոտերին ուրախությամբ» (Ղուկ. 2:8-20):

Աստվածաշունչը մեզ պատվիրում է լինել ուրախ, օրինակ՝ 1. Տիրոջով. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլ. 4:4), 2. պատվիրաններով. «Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը» (Սաղ. 19:8, Արարատ թարգմանություն), 3. հույսով. «Հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք» (Հռոմ. 12:12), 4. փորձությունների ժամանակ. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակ. 1:2), 5. ուրախացողների հետ «Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք» (Հռոմ. 12:15) և այլ համարներ:

Արտաքին տեսքի անհետաքրքրության պատգամը: Հիսուս ծնվեց փոքր քաղաքի՝ Բեթղեհեմի և անարգված վայրի՝ Մսուրի մեջ, առանց երկրային տոնակատարությունների, ինչպես դրանք տեղի են ունենում մարդկանց մոտ: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ պատրիարքը, խոսելով Հիսուսի ծննդյան մասին, ասում է. «Իսկական մեծությունը հարստության, հագուստի, զարդարանքի և այլ նման բաների մեջ չէ, այլ առաքինություններով լցված հաղթական սրտի մեջն է»:

Պարզության պատգամ: Հիսուս ծնվեց պարզ վայրում՝ Մսուրում, և իր ծննդյան լուրը  առաջին անգամ փոխանցվեց պարզ անձերի՝ հովիվներին, որոնք Տիրոջ Հրեշտակից լսեցին ավետիսը, երբ գիշերով պահպանություն էին անում իրենց հոտերին (Ղուկ. 2:8-14):

Սիրելի՛ ընթերցող,

Մանկան Մսուրը մեզ պատգամում է՝ չմտահոգվենք, որովհետև ամեն բանի ժամանակ կա, ամրանանք սիրո մեջ, լինենք խոնարհ, հանդուրժող, ուրախ, պարզ և զարդարվենք առաքինություններով:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս