«Փաշինյանը 10 միլիոն հայի ճակատագրի հետ է խաղում… նա Ադրբեջանից ժամանակ է խնդրում». Դավիթ Գալստյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ Փաշինյանն իր ասուլիսին մանիպուլյատիվ պատասխաններ էր տալիս լրագրողների հարցերին:
«Կառավարությունը տապալել է իր ծրագիրը, և նորմալ կլիներ, որ հեռանային: Իհարկե, նա պետք է «չհիշեր», որովհետև պատասխան չուներ: Փաշինյանն իր իսկ «թեզերը» չի հիշում, որը, հաշվի առնելով Նիկոլի հիշաչարությունը, անհնար է, որ չհիշի: Կամ, երբ խոսեցին Շվեյցարիայի Ստորին պալատի ընդունած բանաձևի մասին, նա իբր թե տեղյակ չէր, բայց հունվարի 22-ին ԱԺ-ում նույն հարցը հնչեց Արարատ Միրզոյանին, ինքն էլ նստած էր դահլիճում, այն ժամանակ Արարատ Միրզոյանը չէր հիշում: Դրանից հետո մեկնեց Շվեյցարիա, ես համոզված եմ, որ Շվեյցարիայում ևս քննարկվել է այդ հարցը, և ի՞նչ է նշանակում՝ մեկնել մի երկիր, որի ԱԳ նախարարը ՀՀ կառավարության անունից հնչեցնում է, որ նրանք դեմ են արցախցիների վերադարձի իրավունքի հարցով համաժողով կազմակերպելուն, բա վարչապետի աշխատակազմն ինչո՞վ է զբաղված»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Գալստյանը չի կարծում, որ Շվեյցարիայի ԱԳ նախարարը սուտ խոսի, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում, ըստ նրա, մի քանի անգամ փաստերով ապացուցվել է սուտ խոսելը. «Նա անգամ իր ծրագրային դրույթների վերաբերյալ հարցերի մասին է սուտ խոսում: Նա սուտ խոսելով եկել է իշխանության և շարունակում է սուտ խոսել»:
Արցախի «լուծարման փաստաթղթի» վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ ամսաթիվը չի հիշում, խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց հարց է ծագել՝ ո՞վ է ստորագրելու: «Եղել է արձագանք ԼՂ-ից, որ հայտնի չի ում տեքստն է, ում ստորագրությունն է լինելու այդ տեքստի տակ: Բայց եթե չեք կարող ասել՝ ում տեքստն է, հետևաբար, մենք ի՞նչ առնչություն ունենք դրա հետ: Ես ցանկացել եմ ճշտել՝ ում տեքստն է և ինչ առնչություն ունի մեզ հետ, պետք է համաձայնենք, թե ոչ, ով է գրել, ում համար է գրել այդ տեքստը: Այդ խոսակցությունից հետո տեքստը հրապարակվել է»,- ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը:
Դավիթ Գալստյանը պնդում է՝ Փաշինյանը լավ էլ տեղյակ է, որ Ադրբեջանը պահանջել էր Արցախի ԱԺ նիստի գումարում և դրա ընթացքում նման տեքստի ընդունում.
«Մենք այդ նիստը չենք գումարել, և այդ տեքստը գրվել է միայն նրա համար, որ ժողովուրդը կարողանա անվտանգ դուրս գալ թշնամու ցեղասպան գործողություններից: Այդ տեքստում ՀՀ իշխանություններն առաջարկ են արել, փոփոխություններ են արվել, և այդ տեքստն ի սկզբանե այն կերպ է շարադրվել, որ լինի հակասահմանադրական և հետագայում շահարկման առարկա չդառնա: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այդ «փաստաթուղթը» սարքել էին դրոշակ և փորձում էին ցույց տալ, որ Արցախը լուծարված է: Նման փաստաթուղթ այսօր գոյություն չունի, դրա մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը, գրավոր իրեն տեղեկացվել է, որ այդ տեքստն ինչպես անօրեն ստորագրվել է թշնամուն մոլորեցնելու, մանևրելու, որ մեր ժողովուրդը կարողանա ցեղասպանությունից փրկվել, նույն կերպ չեղարկվել է:
Նիկոլ Փաշինյանը լավ տեղյակ է դրանից, հերթական կեղծիքն է: Տեսեք՝ ի սկզբանե, ասում էին, որ ընդհանրապես տեղյակ չեն, այսօր արդեն ասում են՝ տեսել ենք, բայց չգիտենք՝ ինչի համար է: Փաշինյանը ստել է 2023թ., և ստում է հիմա: 2023-ին ստել է, որ ընդհարապես տեղյակ չի եղել, հիմա ստում է, որ չգիտեր՝ ով պետք է ստորագրեր կամ ինչի համար է դա»:
Հարցին՝ ի՞նչ առաջարկներ է արել Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց, որ ելնելով Հայաստանի անվտանգությունից, չեմ ուզենա բացահայտել. «Միայն կասեմ, որ տրամաբանական առաջարկություն է արվել և տեղ գտել է այդ տեքստում»:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի հետ եթե ինչ-որ հարցում անգամ Փաշինյանը համաձայն չէ, ապա ընդամենը իր անհամաձայնությունը ժամանակի մեջ է տեղավորում, որ եթե հիմա գնա այդ զիջումներին, նրան կարող են իշխանությունից հեռացնել. «Փաշինյանն Ադրբեջանից ժամանակ է խնդրում՝ ժողովրդին զիջումների պատրաստելու համար, ինչը տեսանք այս ասուլիսին: Ասում էր՝ ձեռքը կտրեն, ինքը Կիրանցը չի հանձնի, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի երկու ձեռք, կտրված ձեռք չտեսանք»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերջին շրջանի հայտարարություններին, Դավիթ Գալստյանը նկատեց. «Փաշինյանը խաղում է ոչ թե Հայաստանում ապրողների, այլ ամբողջ աշխարհում սփռված 10 մլն հայերի ճակատագրի հետ: Մարդ, ով վերջին 30 տարիների հաջողությունները իր ձեռքով զրոյացրել է: Պատմությունը ցույց է տվել, որ հայկական իշխանությունները միշտ տապալվել և պետականությունը կորցրել են հենց նման իշխանություն ունենալու պատճառով, երբ թշնամու առաջ դարպասը ներսից բացում են և այդ ժամանակ պառակտիչ գործողությունների արդյունքում մենք կորուստներ ենք ունեցել»:
Ըստ նրա՝ Փաշինյանն այսօր ունի երկու գերնպատակ. «Մեկը Ցեղասպանության հարցն օարակարգից հանելն է, որը ձեռնտու է միայն Թուրքիային: Երկրորդը՝ Արցախի հարցը փակելն է, ինչը ձեռնտու է միայն Ադրբեջանին: Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգով է շարժվում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում