«Հյուսիսային տերևաթափի» գործով կալանավորված մեղադրյալների խափանման միջոցը փոխվեց. Դատավոր Ջոն Հայրապետյանը կիրառեց տնային կալանք
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստում մեղադրյալների հարցաքննության փուլն էր: Նիստի մեկնարկին մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպանն ասաց՝ քանի դեռ բոլոր ապացույցները չեն հետազոտվել, ինքն իր պաշտպանյալի հետ որոշում է կայացրել ցուցմունք այս փուլում չտալ:
Նրա պաշտպան Զորայր Հարությունյանը միջնորդեց հարցաքննել վկաներին, որոնց թվում է նաև Ժիրայր Սէֆիլյանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Զորայր Հարությունյանի վկայակոչած անձինք կդատակոչվեն, ինչպես նաև խնդրո առարկա դրոնի՝ թռչող սարքի տերը՝ մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի եղբայր Հայկ Ոսկանյանը:
Այսօրվա դատական նիստում վերջապես ներկայացվեց «չարաբաստիկ» դրոնը, որը մեղադրանքի կողմը որպես ահաբեկչական ակտ կատարելու գործիք է դիտարկում: Պարզվեց՝ այն ձեռք է բերված «Փեթակ» առևտրի կենտրոնից, այլ բան, քան թռչել, չի կարող, գործարանային տվյալներն էլ «Մեծ» նպատակների մասին չէին խոսում:
«Ամեն դեպքում ինքը նախատեսված չէ իր կրելու համար: Ուղղակի նախատեսված է թռցնելու համար: Նշված է, որ թռչում է 30 մետր»,- ասաց դատավոր Ջոն Հայրապետյանը դրոնի պարամետրերն ուսումնասիրելուց հետո:
Հանրային մեղադրողը, սակայն, շարունակեց պնդել, որ դրոնը կարող էր օգտագործվել հանցավոր նպատակներով:
Մեղադրյալներից մեկը սակայն մասնագիտությամբ իրավաբան հանրային մեղադրողին բացատրեց, որ ֆիզիկայի օրենքները թույլ չեն տա այդ դրոնի վրա մի հատ շարժիչ դնել, հետո վրայից էլ՝ դրոն:
Հաջորդիվ անցան մեղադրյալ Աշոտ Մարգարյանի համակարգչի ուսումնասիրությանը: Համակարգիչը միացրեցին, և հայտարարվեց 5 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո անցան մեղադրյալների խափանման միջոցների փոփոխության միջնորդությունների քննարկմանը, քանի որ լրանում էր կալանքի հերթական ժամկետը:
Հանրային մեղադրողը մինչ միջնորդությունների ներկայացնելն արդեն իսկ դեմ արտահայտվեց մեղադրյալների խափանման միջոց կալանավորումը փոփոխելուն՝ բերելով տարատեսակ ստանդարտ պատճառներ՝ մեղադրյալների միջև կապ, ռիսկի գործոն, նոր հանցանքի կատարում և այլն: Ի վերջո, հանրային մեղադրողը միջնորդեց ևս 3 ամսով երկարացնել մեղադրյալների կալանքի ժամկետը: Ի պատասխան՝ դատավորը հարցրեց՝ խտրական վերաբերմունք չի՞ տեսնում, երբ նույն գործով, նույն հոդվածներով երկու մեղադրյալ տնային կալանքի ռեժիմում են, մյուսները՝ քրեակատարողական հիմնարկում: Հանրային մեղադրողն իր հիմնավորումները բերեց, թե ինչու պետք է վերաբերմունքը մեղադրյալների նկատմամբ տարբեր լինի:
Միևնույն ժամանակ տնային կալանքի ռեժիմում գտնվող մեղադրյալների պաշտպանները խնդրեցին փոխարինել խափանման միջոցները, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել:
Կալանավորված մեղադրյալների պաշտպաններն էլ միջնորդեցին այլ խափանման միջոցներ ընտրել իրենց պաշտպանյալների համար:
Վազգեն Ոսկանյանի պաշտպանն, իր միջնորդությունը ներկայացնելիս, հատ-հատ անդրադարձավ հանրային մեղադրողի փաստարկներին:
«Դուք բացառո՞ւմ եք, որ որևէ տեսակի համաձայնություն կարող է տեղի ունենալ փաստաբանների միջոցով, հարգելի պարոն Հովակիմյան: Կամ, պատվարժան դատարան, եթե որևէ հեռուստադիտող կամ դահլիճում ներկա անձ կարող է պնդել, որ այս խաղալիք դրոնի միջոցով կարելի է ահաբեկչություն իրականացնել, ուրեմն այս մարդկանց կարելի է գնդակահարել, ոչ թե կալանավորել»,- ասաց Զորայր Հարությունյանը:
Դատավորը որոշեց տնային կալանքի ռեժիմում գտնվող մեղադրյալների խափանման միջոցը երկարաձգել ևս 3 ամսով, իսկ կալանավորված մեղադրյալների կալանքը փոխարինել տնային կալանք խափանման ռեժիմով:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:
«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: