Շատ է խոսվում էդ խաղալիքի մասին. պահանջեք ու ստացեք. Մալաթիայի բաժնում է պահվում թռչող սարքը. «Հյուսիսային տերևաթափի» գործով պաշտպան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստի ընթացքում սկսեցին հարցաքննվել վկաները: Առաջինը հարցաքննվեց վկա Դավիթ Գրիգորյանը:

Հարցաքննվող հաջորդ վկան Գրիգոր Պողոսյանն էր:

Այսօրվա դատական նիստում մեղադրյալների հարցաքննության փուլն էր: Նիստի մեկնարկին մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպանն ասաց՝ քանի դեռ բոլոր ապացույցները չեն հետազոտվել, ինքն իր պաշտպանյալի հետ որոշում է կայացրել ցուցմունք այս փուլում չտալ:

Կարդացեք նաև

Ապա Զորայր Հարությունյանը միջնորդեց քննել իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը: Դատավորն առաջարկեց այդ հարցին անդրադառնալ հաջորդ նիստին:

Հաջորդիվ պաշտպան Հարությունյանը հրապարակեց օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ իրենց տրված կրիչում առկա տվյալները, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Հրապարակվեցին Վազգեն Ոսկանյանի հեռախոսային զրույցների վերծանումները, ոստիկանության, ԱԱԾ-ի ու նախաքննական մարմնի կողմից կազմված արձանագրություններ, գրություններ: Ապա պաշտպանն ասաց՝ գործի նյութերից բացակայում է իր պաշտպանյալի զինվորական գրքույկը, դատավորը կարգադրեց պարզել խնդիրը:

Մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես հրապարակեցին համարժեք նյութեր, ապա անցան միջնորդություններին, և Զորայր Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց հաստատել Վազգեն Ոսկանյանի՝ Որսորդմիության անդամ լինելու և 44-օրյա պատերազմին մասնակցելու հանգամանքները: Դատարանը բավարարեց միջնորդությունը. գրություններ կուղարկվեն Որսորդմիություն և Գլխավոր շտաբ: Ներկայացվեցին նաև այլ միջնորդություններ, այդ թվում՝ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ ներքին դիտման հետ, որ նախաքննական մարմինը տրամադրի դրանք:

Հանրային մեղադրողի կարծիքով՝ դրանք գաղտնիք են ու չեն կարող տրամադրվել դատարանին: Դատարանը մերժեց Վազգեն Ոսկանյանի նկատմամբ մինչև դատարանի որոշումն իրականացված ՕՀՄ նյութերի տրամադրումը, քանի որ դրանք որևէ նշանակություն չեն կարող ունենալ մեղադրանքի գնահատականի վրա:

Հաջորդիվ Զորայր Հարությունյանը ներկայացրեց 2 գրություններ ՊՆ-ից և Ոստիկանության Մալաթիայի բաժնից, միջնորդեց Մալաթիայի բաժնից պահանջել և ստանալ հատուկ սենյակում պահվող թռչող սարքը:
«Շատ է խոսվում էդ խաղալիքի մասին. Պահանջեք ու ստացեք. Մալաթիայի բաժնում է պահվում»,- ասաց Զորայր Հարությունյանը:

Ապա Զորայր Հարությունյանը միջնորդեց հարցաքննել վկաներին, որոնց թվում է նաև Ժիրայր Սէֆիլյանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Զորայր Հարությունյանի վկայակոչած անձինք կդատակոչվեն, ինչպես նաև խնդրո առարկա դրոնի՝ թռչող սարքի տերը՝ մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի եղբայրը՝ Հայկ Ոսկանյանը:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա հունվարի 30-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս