Հարցվածների 51%-ը հավատում է, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացքում կանդամակցի ԵՄ-ին
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց քաղաքական զարգացումների, համընդհանուր հայտարարագրման, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ:
Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, ըստ հարցվածների՝ անվտանգության հետ կապված խնդիրներ են (39.5%), սահմանային հստակեցման խնդիրները (21.0%), պատերազմի վտանգ (15.6%), տնտեսական վիճակ (14.0%): Այս խնդիրների շարքում են հասարակական տրանսպորտի խնդիրը, գնաճը, ցածր թոշակների/աշխատավարձերի խնդիրը, և այլն:
Կառավարությունը հունվարի 9-ին հաստատեց նախագիծ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին. «Ինչպե՞ս եք վերաբերվում օրենքի այդ նախագծին» հարցին լիովին դրական պատասխան է տվել հարցվածների 23%-ը, և 31.9%-ը պատասխանել է՝ ավելի շուտ դրական:
Ավելի շուտ բացասական նշել է 12%-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ 19.3%-ը:
Հարցվածների 51%-ը հավատում է, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացքում հնարավորություն կունենա անդամակցել ԵՄ-ին: Իսկ հարցվածների 40%-ը չի հավատում: Այս հարցին դժվարացել է պատասխանել 9%-ը: