
Հայաստանը հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տրանսպորտային նախագծերն ի զորու են խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում կայացած «Hinterland to High Streets: Connectivity, Commerce and Communities» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:
Իր խոսքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձել է առևտրի և տրանսպորտի վրա տարածաշրջանային ճգնաժամերի ազդեցության հաղթահարման կարևորությանը՝ մատնանշելով հակամարտությունների բացասական ազդեցությունը տարածաշրջանների ենթակառուցվածքների և տնտեսությունների վրա: Նա ընդգծել է, որ անվտանգ տրանսպորտային ուղիների ապահովումը և ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը առանցքային դեր են խաղում տարածաշրջանային խաղաղության և կայունության համատեքստում:
Դավիթ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը, տասնամյակներ շարունակ առերեսվելով և դիմակայելով աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերներին, հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տարածաշրջանային համագործակցությունը և տրանսպորտային նախագծերն ի զորու են հաղթահարել քաղաքական տարաձայնությունները և խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը։