2024-ին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ. ՄՊՀ նախագահ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։
«2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել է պետական բյուջե»,- նշել է Գեղամ Գևորգյանը։
Մասնավորապես հաշվետու տարում հարուցվել է՝
. Գերիշխող դիրքի չարաշահման 26 վարույթ, որից 22-ը ավարտվել է,
. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման՝ 10 վարույթ, որից 8-ը՝ ավարտվել է,
. Հակամրցակցային համաձայնությունների 3 վարույթ, որից 1-ը՝ ավարտվել է,
. Պետական օժանդակությունների գնահատման 3 վարույթ, որից 2-ը՝ ավարտվել է,
. Անբարեխիղճ մրցակցության 20 վարույթ, որից 20-ը ավարտվել է,
. Սպառողների շահերի պաշտպանության մասով՝ 182 վարույթ, որից 149-ը ավարտվել է։
. Հակամրցակցային համաձայնության բացահայտում և խոշոր տուգանք բենզինի շուկայում
2024 թվականին հակամրցակցային համաձայնության հատկանիշներով վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել։ Արձանագրվել է, որ ընկերությունները ընդհանուր առմամբ գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։
Բենզինի և դիզելային վառելքի շուկան նաև ընդգրկված է եղել 2024 թվականին իրականացված ոլորտային ուսումնասիրությունների ցանկում։
. Գյուղմթերքի կուտակված պարտքերի մարում
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտել գյուղմթերքի ուշ վճարումների նոր կարգավորումները, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները պետք է իրականացվեն 30 օրվա ընթացքում:
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության, մինչև նոր օրենսդրական կարգավորումների կիրառումը, ամբողջությամբ մարել են ունեցած պարտավորությունները:
Մնացած 7-ի նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ, որոնց ընթացքում՝ մատակարարների հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները կատարվել են։ Այժմ աշխատանքներ են տարվում 2024 թվականի 2-րդ կիսամյակի պարտքերի առնչությամբ։
Նոր կարգավորումներ էին սահմանվել նաև առևտրային ցանցերի և մատակարարների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որտեղ նույնպես առկա է դրական դինամիկա․ շուրջ 1,7 մլրդ դրամի նախկինում կուտակված պարքտեր են մարվել առանց վարչարարություն իրականացնելու։
Պետական գնումները՝ առաջնային ուղղություն
2024 թվականին հանձնաժողովն ուսումնասիրել է ծրագրային ապահովման մշակման և խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով կազմակերպված, ինչպես նաև ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման գործընթացները, որոնց առնչությամբ մի շարք խնդիրներ են բացահայտվել։ Պետական մարմիններին տրվել է նախազգուշացում։
Վարույթներ՝ մանկապարտեզների համար կանթամթերքի ձեռքբերման գնման ընթացակարգերի առնչությամբ
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով հանձնաժողովը դիտարկել է մանկապարտեզների, մանկատների և խնամքի կենտրոնների կարիքների համար կարագի և պանրի ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերը։ Պարզվել է, որ այդ ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից անհամեմատ ցածր, օրինակ՝ 1 կիլոգրամ կարագը 1700-1600 դրամով, ինչը կասկածներ է հարուցել դրանց որակի առումով։ Հարուցվել են վարույթներ, որոնք ընթացիկ փուլում են։
Անբարեխիղճ մրցակցություն տոմատի մածուկի շրջանառության ոլորտում
Վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: Լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք, որից 13-ը չեն համապատասխանել պահանջվող ստանդարտներին։ Մասնավորապես լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել , իսկ քլորիդների զանգվածային մասն ավել է եղել սահմանվածից։ Տնտեսավարողները տուգանվել են։
ՄՊՀ-ն՝ որպես սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին
Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է մշակվել սպառողների իրավունքների պաշտպանության ընդլայնման ուղղությամբ։ Ըստ այդ նախագծի՝ ՄՊՀ-ի լիազորություններն այս ուղղությամբ էականորեն ընդլայնվելու են և այն դառնալու սպառողների կոլեկտիվ շահերի պաշտապանություն իրականացող կենտրոնական մարմին։ Միաժամանակ մեխանիզմներ են մշակվում նաև սպառողների անհատական շահերի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես նախատեսվում է ունենալ էլ․ հարթակ, որի միջոցով սպառողն իր բողոքը կարող է ուղղել տնտեսավարողին, բացասական արձագանքի դեպքում այն կուղղորդվի մասնագիտական հասարակական կազմակերպություններին։