ԱՄՆ-ը Հայաստանին զենք և անվտանգության մեխանիզմ չի տալու. Սուրեն Սարգսյան
«Այն, ինչ ՀՀ-ն ստորագրել է ԱՄՆ-ի հետ, ռազմավարական դաշնակցություն չէ, հետևաբար՝ դրանով ԱՄՆ-ը ՀՀ-ին երաշխիքներ չի տալիս»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Թրամփի նախագահության օրոք հայ-ամերիկյան հարաբերություններին։
Նա նախ նշեց, որ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն շատ ավելի լեգիտիմ, որովհետև նա ոչ միայն ընտրիչների, ընտրողների ձայների մեծամասնությունը ստացավ, այլև նրա օգնությամբ Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հանրապետականները մեծամասնություն վերցրեցին։
Հետևաբար, ըստ Սարգսյանի, Թրամփը բավականին հզոր ու լեգիտիմ նախագահ է այսօր, ով իր առջև դրված խնդիրները լուծում է՝ նաև հաշվի առնելով այդ կարգավիճակը։
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան օրակարգին, ապա միջազգայնագետի խոսքով, Թրամփը չի լինելու նույնքան ակտիվ, որքան Բայդենի վարչակազմն էր, որովհետև Բայդենը շատ ավելի խորությամբ էր պատկերացնում մեր տարածաշրջանը, հայերի հետ կապեր ուներ, նա Սենատում եղել է ամենահայամետ սենատորներից մեկը։
«Այս անձնական մոտեցումը, քաջատեղյակ լինելը նշանակություն ուներ։ Թրամփն այդքան տեղեկացված չէ, որքան Բայդենը, և նրա արտաքին քաղաքականությունն էլ էապես տարբերվելու է Բայդենի արտաքին քաղաքականությունից բոլոր ուղղություններով։ Բոլոր ուղղղություններով, բոլոր հարցերի շուրջ նրանք, եթե ոչ՝ սկզբունքային, ապա էական տարաձայնություններ ունեն։ Առաջիկա շաբաթներին կտեսնենք, թե էական ինչ տարբերություն կա այս երկու վարչակազմերի միջև։ Ասեմ ավելին, կարող է էական տարբերություն լինել Թրամփի առաջին ու ներկայիս վարչակազմերի միջև, որովհետև ոչ թե Թրամփն է փոխվել, այլ՝ աշխարհը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է հստակ տարանջատել ռազմավարական գործընկերային հարաբերություններից։
«Դաշնակցային հարաբերություններ են ԱՄՆ-Իսրայել, ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները, ԱՄՆ-ը ունի ոչ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դաշնակցի կարգավիճակ ունեցող գործընկերներ։ Սակայն այն, ինչ մենք ստորագրել ենք, իրենից ռազմավարական դաշնակցություն չի ենթադրում, հետևաբար՝ Հայաստանին անվտանգային որևէ երաշխիք չի տալիս, որևէ մեխանիզմ չկա։ Նաև նախատեսված չէ, որ ԱՄՆ-ը ՀՀ-ին պետք է զենք վաճառի»,- հստակեցրեց Սարգսյանը։