ՊԵԿ նախագահը ձախողվեց առաջին իսկ ամսում՝ արձանագրելով վատագույն ցուցանիշը
Պետեկամուտների կոմիտեի նախագահի փոփոխությամբ՝ կառավարությունը հույս ուներ ինչ-որ չափով բարելավել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը, որը մինչ այդ հասցրել էր մեծապես թերակատարել։ Սակայն բարելավվելու փոխարեն՝ ճիշտ հակառակը եղավ։
Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը մինչ այդ ֆինանսների փոխնախարարի պաշտոնում կարող էր իրեն թույլ տալ անկաշկանդ բյուջեի հարկային եկամուտներ հաշվարկել ու պլանավորել, քանի որ դրա կատարման պատասխանատուն ինքը չէր, ՊԵԿ նախագահի պաշտոնում պարզապես տապալվեց։ Չկարողացավ ոչ միայն իր հաշվարկած ցուցանիշներին մոտենալ, այլև ավելի խորացրեց բյուջեի ճեղքը՝ հարկային եկամուտների հավաքագրման պլանի թերակատարումը հասցնելով աննախադեպ չափերի։
Պլանավորված հարկերը չեն կարողացել հավաքել, ձախողել են բազմաթիվ ծախսերի կատարումը, փոխարենը՝ պատասխանատվություն կրեն դրա համար, մի բան էլ արդարանում են, թե իրենք մեղավոր չեն, որ իրենց կանխատեսումները չեն իրականացել, որ արտաքին ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա թուլացել են, որ տնտեսական աճը նախատեսվածից ցածր է եղել, որ մեքենաների ներմուծումը կրճատվել է, ու այդ ամենի հետևանքով հարկերը չեն հավաքվել։ Կարծես տնտեսության զարգացումների ու նախատեսված տնտեսական աճի պատասխանատուն կառավարությունը չէ։ Արտաքին ազդեցությունները թուլացել են, այնպես անեիք, որ ներքին տնտեսությունն ակտիվ լիներ, ընդլայնվեր, որ տնտեսական աճի նախատեսված ցուցանիշներն ապահովվեին ու հարկային եկամուտներն էլ հավաքվեին։
ՊԵԿ նախագահն այդ պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց արդեն երևույթները խեղաթյուրելու առումով չի ուզում հետ մնալ իր վերադասից։ Ասում է՝ բյուջեի հարկային եկամուտները ոչ թե թերակատարվել են, այլ կանխատեսվածից քիչ են ստացվել։
Ի՞նչ կանխատեսման մասին է խոսքը, երբ բյուջեն օրենք է, որով կոնկրետ ցուցանիշներ են ամրագրված ու պլանավորված, որոնք պարտադիր կատարման ենթակա են։ Եվ եթե չեն կատարվել, նշանակում է՝ խախտել են բյուջեի մասին օրենքը, ու դրա համար պետք է պատասխանատվություն կրեն՝ սկսած կառավարությունից, վերջացրած Պետեկամուտների կոմիտեով։
Որ անցած տարվա բյուջեն չեն կարողացել կատարել, շատ մեղմ է ասված։ 2024թ. հարկային եկամուտների թերակատարումը, անվանական արտահայտությամբ, աննախադեպ է Հայաստանի անկախության պատմության այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։ Երբևէ, որևէ կառավարություն նախատեսվածի համեմատ բյուջեի մուտքերի այսպիսի պակաս հավաքագրում չի արձանագրել։ Թերակատարմամբ կառավարությունը գերազանցեց նույնիսկ ինքն իրեն։
Վերջին անգամ պետական բյուջեն հարկերի հավաքման ծանր խնդիրների բախվեց 2020թ., երբ նույնիսկ կրկնակի սեկվեստոր իրականացվեց։ Այդ տարի, ի սկզբանե նախատեսվածի համեմատ, պակաս հավաքվեց 217 մլրդ դրամ, ինչի վրա իր ազդեցությունն ունեցավ Քովիդն ու պատերազմը։ Անցած տարի Քովիդ ու պատերազմ չկար, տնտեսությունը, հատկապես տարեսկզբին, գտնվում էր ակտիվության պիկին, բայց բյուջեի նախատեսված հարկերի թերհավաքագրումը գերազանցեց նույնիսկ 2020թ. ցուցանիշը։ Ճշգրտված պլանի համեմատ՝ գրեթե 223 մլրդ դրամի կարգի պակաս հարկեր ու տուրքեր են հավաքվել։
Նախատեսված էր հավաքել 2 տրիլիոն 614,1 մլրդ դրամ, կարողացել են հավաքել 2 տրիլիոն 390,9 մլրդ դրամ։ Թերակատարումը գերազանցում է 8,5 տոկոսը։ Անգամ վատագույն երազում դժվար էր պատկերացնել, որ բյուջեի ճեղքն այսքան կխորանար։ Պետեկամուտների կոմիտեն ու կառավարությունն ամբողջությամբ ձախողել է անցած տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականը՝ անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներ ու պատճառաբանություններ կհորինեն դրա համար։
Բյուջեի օրենքով հաստատված, պարտադիր կատարման ենթակա ցուցանիշները հարյուրավոր միլիարդ դրամներով պակաս են եղել։ Այն պարագայում, երբ դեռևս տարվա կեսերին ֆինանսների նախարարն ընդունելով, որ բյուջեում հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրներ կան, հավաստիացնում ու հուսադրում էր, թե մուտքերի թերհավաքագրումը 60 մլրդ դրամից չի անցնի։ «Ռիսկ կա, որ այս տարի 60 մլրդ դրամի հավաքագրում կարող է չլինել»,- ասում էր ֆինանսների նախարարը։ Թե նրա կանխատեսումը որքանով իրականացավ, տեսնում ենք տարեվերջի ցուցանիշներում։
Շեղումը՝ նախարարի կանխատեսման համեմատ՝ 3,7 անգամ է։ Այսպես էլ հավանաբար մյուս ցուցանիշներն են կանխատեսել ու շարունակում կանխատեսել։ Արդեն անցած տարվա դեկտեմբերին հրավիրված մամուլի ասուլիսում Վահե Հովհաննիսյանը հայտնեց բյուջեի հարկային եկամուտների սպասվող 200 մլրդ դրամ թերակատարման մասին։ Բայց ինչպես տեսնում ենք, թերակատարումը տարեվերջին ակնկալվող 200 մլրդ դրամից նույնիսկ շատ ավելին է։
Շուրջ 570 մլն դոլարով պակաս հարկ է հավաքվել։ Ու դրա հետևանքով բազմաթիվ ծախսեր չեն կատարվել, ծրագրեր չեն իրականացվել՝ հետաձգել են կամ միտումնավոր դանդաղեցրել են։ Ո՞վ պիտի պատասխան տա նրա համար, թե չկատարված ծախսերի պատճառով ինչքա՞ն վնաս է կրել տնտեսությունը, ինչքա՞ն բյուջետային ներդրումներ չեն արվել, ինչքա՞ն տնտեսական արդյունք չի ստեղծվել։ Հարկերի թերակատարումը միայն ցուցանիշներ չեն, դրանց տակ բազմաթիվ շերտեր կան թաքնված, որոնք կարևոր են՝ ինչպես բյուջետային ծրագրերի կատարման, այնպես էլ՝ տնտեսական զարգացումների առումով։
Անցած տարվա բյուջեի հարկային եկամուտների թերակատարումը խորացել է հատկապես դեկտեմբերին։ Այն բանից հետո, երբ Ռուստամ Բադասյանի հայտնի sms-ային պաշտոնանկությունից հետո, ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնեց Էդուարդ Հակոբյանը։ Նրա պաշտոնավարման առաջին իսկ ամսում ավելի քիչ հարկեր են հավաքվել, քան հավաքվել էին նույնիսկ 2023թ.։ Դեկտեմբերը թերևս եղել է առաջին ամիսն անցած ամբողջ տարվա ընթացքում, որ պետական բյուջեի հարկային եկամուտների անկում է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ։ Անգամ հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձվող գումարները ներառած՝ 2023թ. դեկտեմբերից պակաս մուտքեր են եղել։
Սա լուրջ ահազանգ է հատկապես այս տարվա բյուջեի համար, որով հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշն ավելի քան 14 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա փաստացի կատարողականը։ Պլանավորված է 2 տրիլիոն 720 մլրդ դրամ, ինչն ի սկզբանե արդեն հարցականի տակ է։
Պատահական չէ, որ տարին դեռ չսկսած՝ ֆինանսների նախարարությունն արդեն մտածում է դրանք վերանայելու ու նվազեցնելու մասին։ Ընդամենը մեկ-մեկուկես ամիս առաջ են ընդունել բյուջեն ու արդեն ուզում են փոխել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ