«Գարեգինն ու Ռուբենը կամ Սարգսյանն ու Փաշինյանը». Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը։ Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ», հենց այս տողերով է Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետն անդրադարձել հայոց ցեղասպանության սրբադասաված նահատակների ոգեկոչմանը 2015թ.֊ին։ Նկարում պատկերված է դրվագ ՀՀ երրորդ նախագահի, առաջին տիկնոջ և Ամենանայն հայոց Կաթողիկոսի ուղեկցությամբ անմար կրակին մատուցված հարգանքի տուրքից։ 2015թ.֊ին տեղի ունեցած հենց այս իրողություններն են, որ ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս թուրքական տանդեմին…

Եվ եթե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին թուրքական ժխտողական թեզերի դեմ պայքարը տարվում էր միջազգային բարձրագույն հարթակներում, ապա այսօր ստիպված ենք դա անել ներհայաստանյան մակարդակում` վերջիններիս դրածո քիրվաների դեմ։ Թրքական տխրահռչակ ժխտողական թեզերը հայտնի են… չարչրկված, տրամաբանության աղբանոցն ուղարկված, բարոյականության, իրականության և ռացիոնալության որևէ սկզբունք չճանաչող և իրագործված ոճրին մինչև վերջ հետամուտ լինելու մոլուցքով լցված…

Իսկ հասկանալու միայն մեկ բան ունի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը…ի՞նչ ուղերձ էր պարունակում 44 օրյա պատերազմում բայրաքթարները վարող թուրք սպաների ուսին, ֆաշիստական ոճով փակցված երիզը։ Վերջինս կրում էր էնվերի դիմապատկերը «մի փախիր հայ, միևնույն է ուժասպառ ես մեռնելու» թուրքատառ գրությամբ… սրան ենք պատասխան ուզում, միայն սա ենք ուզում դեռ հասկանալ…Նիկո’լ: Արդյո՞ք սա դեռևս 19֊րդ դարում սկսված հայոց ցեղասպանության շարունակությունը չէ՞, արդյոք նույն ուժերի ձեռագիրը չէ՞, արդյոք աշխարհաքաղաքական ու տնտեսական միևնույն իրավիճակներին կուլ գնալու ռիսկը չէ՞, արդյոք թուրքական ողորմածությանն նորից անհույս հանձնվելու հանցագործ թուլակամությունը չէ՞…բայց սրա փոխարեն ՀՀ գերագույն անփառունակն անբարեհաջող կերպով լծվել է զոհերի հիշատակը պղծելուն ու փաստերը աղավաղելուն…

Ցեղասպանությունն որոշ ուժերի ձեռքին աշխարհաքաղաքական գործիք է, որով հնարավոր է որոշակի շահեր սպասարկել, այնպես ինչպես պատերազմը, դեֆոլտը, գիտակցական դեգրադացիան և գլոբալ քաղաքականության վարման այլ գործիքներ։ Հետևաբար հայոց ցեղասպանությունն ունի իր գաղափարակենտրոն շրջանակները` հղացողները, հրահրող կենտրոնները և անմիջական իրագործողներն…ուստի մեղքը ռուսների կողմն անցնելու վրա բարդելը չի աշխատելու, չի աշխատելու նաև զոհերի վիճակագրական մանիպուլյացիան, քանի որ խնդիրը հայ ժողովրդի անբողջական ու լիակատար ոչնչացումն է` լինի դա հայրենիքում, թե սփյուռքում, աշխարհի ցանկացած կետում։ Նպատակը հայկական գործոնի չեղարկումն է` նոր աշխարհակարգի ձևակերպման իրողություններում հայկական խոչընդոտը վերացնելու համար։

Նոր աշխարհակարգի կառուցման առաջին զոհը հանդիսած հայերս, 30 տարի անց դարձանք արդի աշխարհակարգի հաստատման գործում անուրալի ավանդ ունեցածներից մեկը և 1945թ.֊ի մայիսի 9֊ից սկսած հանդիսանում ենք դրա պահապաններից մեկը, նաև սրա վրա է հենվում հայ֊ռուսական ռազմավարական դաշնակցությունը, առանց որի բոբիկ ու անմասն ենք մնալու մեր հետնորդների հերոսական մաքառումներից` մնալով տեղահանցված ու ջարդված «փախստականների ճամբար»։ Հենց սա է պատճառն, որի համար էլ հայրենիքում ցեղասպանության մասին պետական մակարդակում սկսվել է բարձրաձայնվել հենց 1950-ականներից, այլ ոչ թե Թուրքիայի ՆԱՏՕ֊ի անդամ դառնալու իրողությունից հետո։ Հայրենազրկված ժողովուրդն անմարդկային ջանքերի գնով նվաճեց սեփական ցավը բարձրաձայնելու, վերքերը դարմանելու, շահերը ձևակերպելու և դրանք առաջ տանելու իրավունքը։

Նվաճեց աշխարհի երեսին ուղիղ նայելու և լսելի դառնալու իրավունքը` թղթե շերեփը փոխարինելով երկաթե շերեփով։

Այլ գործոններ ևս կան, նախ և առաջ 1953թ.֊ին ԽՍՀՄ֊ում տրոյական ձիու կարգավիճակ կրող Բերիայի մահապատիժը։ Հաջորդիվ արդեն 1956թ.֊ի սուեզյան ճգնաժամը, որտեղ դաշնակից քույր աստղերը` ԽՍՀՄ֊ն ու ԱՄՆ֊ն աշխարհում առաջնորդությունը բարեհաջող վերցրեցին իրենց ձեռքը։ Աշխատավորական ԽՍՀՄ֊ը և բուրժուական ԱՄՆ֊ն ուղիղ 60 տարով ընդհատակ մղեցին անգլիական աբսոլյուտիստական ամբիցիաներն, որը թույլ տվեց մեր մեջքն ուղղել, մինչև 2015թ.֊ի նոյեմբերը` նկարում պատկերված դրվագից 4 ամիս անց, մինչև աշխարհի կառավարման տոտալիտար մոտեցման կողմնակիցները ռեստարտ ստացան թվային ամբողջատիրության հաստատման կոնցեպտի ներքո։ Մի մոռացեք, թե ինչպես երկփեղկվեց աշխարհն 2015թ.֊ի ապրիլի 24֊ին, ովքեր էին Ծիծեռնակաբերդում, իսկ ովքեր Գալիպոլիում… 2011թ.֊ից սկսած ՌԴ֊ում էլ սկսեցին հետզհետե գլուխ բարձրացնել բերիականության աղանդի կրողներն, որի արդյունքում ոչ պատահաբար, 2018թ.֊ից հետո շատերը Հայաստանում սկսել են հայ ազգի դահիճ Лаврентий Павлович-ին գրեթե ազգային հերոս հռչակել։

19֊րդ դարից սկսյալ աշխարհում պայքար է սկսվել ապագայի առաջադրման տեսլականների միջև, որի ապոգեյներից մեկն էլ տեղի է ունենում հենց մեր աչքի առջև ու ինչպես 100 տարի առաջ, այն կրկին սկսվել է մեզ ցեղասպանելու գործից…ինչը համառորեն չի ուզում տեսնել հայոց պետության գահին բազմած անփառունակն։

Աշխարհի կառավարման կենտրոններից երկու հնագույնը հատկապես բյուրեղացած է Հռոմում և Լոնդոնում։ Ուստիև արդյունաբերական հեղաշրջմանը զուգահեռ Անգլիայում սուր պայքար սկսվեց երկու տեսլական կրող թևերի մեջ և եթե անգլիական կղզում հանրապետականների ու լիբերալների պայքարն ընթանում էր պարլամենտարիզմի մշակույթի բարձր մթնոլորտում, ապա աշխարհի մակարդակում, այն ամբողջական ազգերի ու պետությունների կյանք արժեցավ ընդհուպ մինչ օրս` Արցախը, Սիրիան ու Ուկրաինան ձեզ օրինակ…

Եթե բիզնեսմենների կամ արտադրողների, որն է թե բուրժուազիայի շահերը պահպանող լիբերալներից 4 անգամ պրեմիեր ընտրված Ուիլյամ Գլադստոնը ձգտում էր հայոց նախաձեռնող շնորհը ծառայեցնել նոր աշխարհակարգին, ապա տոտալ կառավարման կողմնակից և նեոգաղութարար շահեր սպասարկող անգլիական պահպանողականների վարչապետ Բենջամին Դիզրայելին համաշխարհային տոտալիտարիզմի կառուցման ճանապարհին Անգլիայի թշնամի նշանակեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին` Լոուրենս արաբացու անկեղծացումները մեզ հիշատակ։

Հայոց ցեղասպանությունն ունի նաև իր հրահրողները` այսպես կոչված լոգիստներն, որոնք ձգտում են առաջավոր ասիական նավթն արևմուտք փոխադրել, այդ գործում հայերս լուրջ խնդիր ենք հանդիսացել, հետևաբար ծախսատար նավթամուղները պետք է ապահովագրվել հայերիս ըմբոստ ներկայությունից կամ մեգանախագծերից շահույթ ստանալու ակնկալիքներից։ Հետևաբար տեղահանությունն այն լավագույն գործիքն էր, որն առաջինը կիրառեցին երկրորդ ռեյխի էմիսարներն ապագա Բեռլին֊Բաղդադ երկաթգիծն ապահովագրելու համար։ 1913թ.֊ին Վուդրո Վիլսոնը հռչակեց ֆեդերալ ռեզերվային համակարգն, որն էլ ի դեմս դոլարի համաշխարհային գերակայությունը ֆունտից թեքեց դեպի ԱՄՆ֊ի կողմը։ Իսկ 1923թ.֊ից սկսած ամերիկացիներն որոշեցին, որ մերձավոր արևելյան նավթը տեղափոխելու է ոչ թե Անգլիա, այլ ԱՄՆ և այն էլ ոչ թե ցամաքային երկաթգծով, այլ ծովով։ Վերջինս ձեռնամուխ եղավ նաև մրցակից Անգլիայի տարածաշրջանային ֆորպոստ օսմանյան կայսրության ապամոնտաժման իրավական անշրջելիությանը…հայերիս ցեղասպանությանը ժամանակավորապես դադար տրվեց…

Հենց այդ պատճառով էլ, երբ Վազգեն Սարգսյանը նավթամուղերի անվտանգության փոխարեն պահանջեց Արցախի անկախության ճանաչումն… եղավ այն, ինչ եղավ…իսկ երբ Սերժ Սարգսյանը ցանկացավ իրանական գազը Հայաստանով ու Վրաստանով տարանցել հարավային Եվրոպա` ստացավ 2016թ.֊ի հուլիսն ու 2018թ.֊ի ապրիլը։ Իսկ 2020թ.֊ի հոկտեմբերին Ապշերոնի նավթը նույն չափ թանկ արժեցավ հայերիս արյունից որչափ, ինչպես 1916թ.֊ին Նժդեհի բնորոշած Մոսուլի քարյուղն։

Ի վերջո, որպես բարոյական պատասխան, Նվեր Սաֆարյանը 1945թ.֊ին գրավված Բեռլինում, որպես անարգված ժողովրդի հավաքական զավակ, զոհերի հիշատակի համար մխիթարություն գտավ Կայզերի գերեզմանին…որի համար էլ դաշնակից զորքերի հրամանատարության պահանջով զրկվեց գեներալի կոչումից։

Հայոց ցեղասպանության կյանքի կոչման հարցում թուրքական կառավարության հետ մեկտեղ հավասարազոր պատասխանատվություն է կրում հայոց դավաճան դասն, որոնց անվանումների երկարաշունչ շարքը զարդարում էր Նեմեսիսի ցուցակները։ Սա է, որ գիտի ոմն մեկը և սարսափում է, ուստի նաև հոգեբանորեն ենթադրում է, որ պատասխանատվությունը թուրքական կողմի վրայից հանելով կարող է թոթափել նաև սեփական մեղքերը։ Հայոց ցեղասպանության մասին հայ ժողովուրդը բարձրաձայնել սկսել է 1924թ.֊ից, հայկական սփյուռքում և քանի դեռ Դաշնակցության Բոստոնի արխիվները փակ են` շատ բան մնում է անհասանելի, բայց կան անուրանալի փաստեր, որոնք արժե հիշատակել…

Անփառունակ կապիտուլյանտն ունեցել է իր նախատիպը 20֊րդ դարում, առաջին հանրապետության վերջին զինվորական նախարար, կրկին կապիտուլյանտ, Հայաստանը 10 հազար քկմ տարածքով թուրքական ողորմածությանը հանձնած Ռուբեն֊տեր Մինասյանը։ Վստահ եմ դաշնակցական ընկերներս չեն սրտնեղի ճշմարտությունից խոսելու համար, որովհետև Դաշնակցությունն ինձ համար Դրոն է ու Անդրանիկը, Նժդեհն ու Վարդանը։ Չգիտեմ կառավարության շենքում նստողը կարդացել է արդյոք ընկեր Ռուբենի 1924թ.֊ին հրատարակած «Հայ֊թուրքական կնճիռը» թե՞ ոչ, բայց ընթերցելու դեպքում կգտնի իր գաղափարական հայրերին։ Գիրքը ներկայացնում է երեկվա թեզերի ամբողջական ընտրանին, որի արդյունքում ՀՅԴ բյուրոն բաժանվեց Ռուբենի և Նժդեհի ու Նաթալիի կողմնակիցների միջև, իսկ 1926թ.֊ին Նժդեհն ի հակադրումն ցեղասպանության զոհերի անարգմանը լույս ընծայեց իր հռչակավոր «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքույկը։

20-րդ դարում հայոց ցեղասպանության կազմակերպիչները խնդիր էին դրել գլխովին ոչնչացնել ցեղասպանության վերապրածներին արդեն հայկական սփյուռքում, որի համար էլ վարում էր զոհերին վարկաբեկելու, նրանց սեփական բնաջնջման մեջ մեղավոր նշանակելու, անպիտան տարր հռչակելու քարոզչություն։ Մի բան, որն կրկնում է Ալիևն ու իր տեղական սպասարկուն, արդեն արևելահայությանն իսպառ ջնջելու և հայոց պետականությունը խորտակելու նպատակով։ 1933թ.֊ին Նժդեհին հաջողվեց կուսակցական բյուրոյի 12֊րդ ընդհանուր ժողովում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և առաջադրել ցեղակրոն շարժումն, որի առաջնային խնդիրներից էր հայոց ցեղասպանության ժխտողականության դեմն առնելը և հայերին թուրքերի ձեռքով ֆաշիստական բնաջնջման ենթակա ժողովուրդների ցանկից հեռացնելը։

Հենց այստեղ է թաքնված շան գլուխը, որի համար իշխանականներից ոմանք սարսափում են ցեղակրոն բառից ու Գարեգին Նժդեհի կերպարից, նրան անվանում ֆաշիստ, իսկ ցեղակրոն շարժումը այլատյացական պրոպագանդա։ Քանզի նրանց համար ավելի լավ կլիներ, որպեսզի սփյուռքահայությունն արժանանար հրեից ճակատագրին, որպեսզի շարունակվեյին անարգվել հայ ժողովրդի մազապուրծ մնացորդներն։ Եվ այս վարկածն ապացուցվում է վերջին 5 տարվա հայաստանյան իրականությամբ` ցեղասպանված արցախահայություն, կազմաքանդման գնացող պետություն…

Սույն հոդվածը ցանկանում եմ անվանակոչել Գարեգինն ու Ռուբենը կամ Մյասնիկյանն ու Նուրիջանյանը կարող է լինել նաև Սարգսյանն ու Փաշինյանը։ Առաջինները մեր ինքնության, պետության և գոյության պահապաններն են, մյուսները օտար իրականության գործիքներ։ Դաշնակցության ռահվիրաներից Սիմոն Վրացյանը կյանքի վերջին տարիներում իր գրված հուշերում ընկեր Ռուբենին որակում է որպես դավաճան…Վրացյանը Ռուբենի հետ բավական մոտ է եղել, վստահ եմ շատ ավելի վաղ է ըմբռնել Ռուբենի օտարահակ նկրտումները, բայց ճակատագրական պահերին լռել է, անձնական կապը գերադասել հայրենիքի ճակատագրից, մարդկային բարեկեցությունը վեր դասել սերունդների առջև պատասխանատվությունից…և ի վերջո կյանքի վերջին տարիներին հղել սույն ուղերձը, ակնկալելով, որ «Ռուբենը» չի վերածնվելու հայ իրականության մեջ, ուստիև նրանք ովքեր գիտեն իսկությունը և լռում են բախտորոշ պահերին ավելի լավը չեն քան ռուբեններն ու նիկոլները…

Կրկին նույն դիլեման է մեր առջև` ջրի կաթիլի պես մաքուր ճշմարտությունն և նրանից հրաժարվող խելագարները, հայոց ցեղասպանությունը 1990֊ականներին կանխած և հաղթանակի վերածած զորավարները և հայ ժողովրդին սեփական ողբի մեջ մեղադրող ցինիկները, հայկական պետականություն կերտած գործիչները և պատեհապաշտների բանակը, հայրենանվերի բյուրեղացած շարքերը և ապագա աշխարհակարգի պոտենցիալ զոհերի ամբոխը…

Պապիս քեռին` Սիմոնն, իր մանկահասակ քույրերի և եղբայրների հետ կարողացել էր փրկվել, որովհետև վերջիններիս մայրը, այսինքն նախատատս` Աղավնին, ողջ գիտակցական կյանքում չի փնտրել թուրքական ողորմածություն, չի հավատացել օսմանյան պետության ցեղասպան երեսպաշտությանը, լինելով երևելի գեղեցկադեմ կին` չի տրվել թշնամու բարեգթությունը փնտրելու համայնական մտայնությանն։

Արդյունքում, օսմանյան բանակից ամուսնու անվերադարձ կորստից հետո կազմակերպել է սեփական ընտանիքի էվակուացիան ԱՐԵՎՄՏՅԱՆ Հայաստանից դեպի արևելյան Հայաստան…իրականության հետ առերեսվելու ցանկության պակասի պատճառով Էրզրումի վիլայեթը գրեթե ամբողջությամբ դաժանաբար ցեղասպանվեց…

Մեզնից արևելք այլևս Հայաստան չկա, ուստի կամ պետք է պանդուխտ դառնալ կամ հանձվել թշնամու ողորմածությանը կամ պատասխանատվությունը վերցնել սեփական ձեռքը։

Որոշում կայացնելու հերթը մերն է»։

Տեսանյութեր

Լրահոս