«Ազգային» եզրույթը ոչ թե իբր հակադրվում է պետությանն ու պետականությանը, այլ առանցքային երաշխիք է վերջիններիս իմունիտետը բարձրացնելու ուղղութամբ. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը գրում է. ««Ազգային» և «պետական» եզրույթները միմյանց հակադրելիս, ավելին՝ այդ համատեքստում աստիճանաբար «պետական» եզրույթը իբրև «եզակիության, կարևորության, պետության կողմից առանձնակի արժևորման» խորհրդանիշ դիտարկելիս, նախ, հարկ է ելակետ ընդունել, որ այդ հարցադրումները սոսկ քաղաքական կողմնորոշման ոլորտից չեն, դրանք պետք է աղերս չունենան սահմանադրականության հետ: Մասնավորապես «ազգային» եզրույթը Երկրի Հիմնական օրենքով արդեն իսկ անմիջականորեն ամրագրված է ոչ միայն մշակույթի (18-րդ հոդված, 86-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ և այլն), այլև ընդհուպ անվտանգության ծառայության և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի անվանման առնչությամբ՝ «Ազգային ժողով»: Ասվածի համատեքստում բնորոշ է նաև «ազգային անվտանգության ռազմավարություն» եզրույթը:

«Ազգային» եզրույթը վերը նշված բոլոր համատեքստերում որևէ առնչություն չունի ոչ միայն ազգայնամոլության, այլև անգամ ազգայնականության հետ, ուստի ոչ թե իբր հակադրվում է պետությանն ու պետականությանը, այլ առանցքային երաշխիք է վերջիններիս իմունիտետը բարձրացնելու ուղղութամբ:

Տեղին չէ նաև այդ եզրույթները մշակութային կազմակերպությունների իբրև թե կարգավիճակի հետ փոխկապակցելը, դրանցից առաջինը վերաբերում է գործունության «էթնիկական ուղղվածությանը», իսկ երկրորդը ոչ թե խորհրդանշում է պետականություն, քանզի խոսքը սոսկ մասնավոր կազմակեպությունների մասին է, այլ ենթակայություն: Ուստի ազգային կառույցները անարգել կարող են և նախապատվելի է, որ շարունակեն իրենց առկա անվանումներով գործունեությունը, ոչ թե պահպանեն իրենց «ազգային կարգավիճակը», ինչպես սխալմամբ արտացոլված է օրենքով:

Մեր ազգային օրենսդրությունը, այդ թվում՝ Հիմնական օրենքը չունեն այնպիսի խնդրահարույց կարգավորումներ, որպիսք բնորոշ են Ադրբեջանի և Թուրքիայի իրավական համակարգերին: Զորօրինակ. «Թուրքական պետության հետ քաղաքացիության պարտավորությամբ կապված յուրաքանչյուր ոք թուրք է» (Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդված):

Հ.Գ. Հիշյալ երկու եզրույթների միջև հակադրության անհարկի բանավեճը, այն անտեղի թեժացնելը էլ ավելի խոցելի է դարձնում մեր Երկրի իրավաքաղաքական համակարգը, քանզի այն թյուր տպավորությունն է ստեղծվում, որ իբր թե կան ազգայնամոլության տարրեր, որոնք հարկ է արմատախիլ անել …»:

Տեսանյութեր

Լրահոս