Փաշինյանը Արցախի հավեսը չունի. հիմա նրա խնդիրը Սյունիքն ու Հայաստանը պահելն է. Մարկեդոնով
Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չեն խաղաղ կարգավորման, և դա հիմնական խնդիրներից և խոչընդոտներից մեկն է։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում քննարկման ժամանակ ասել է ՌԴ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Փորձագետի խոսքով՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության, որը փոխզիջումներ և փոխշահավետ գործարքներ է ենթադրում։ Նույն Հայաստանը զիջում է և հանդուրժողականություն ցուցաբերում, քանի որ պարտվել է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտնվեր հաղթողի վիճակում, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Կարելի է հիշել «Արցախը Հայաստան է, և վերջ» աղմկահարույց հայտարարությունը, որը նա արել էր դեռ պատերազմից առաջ Ստեփանակերտում՝ 2019 թվականին։
Իսկ հիմա, ըստ Մարկեդոնովի՝ Փաշինյանը հասկանում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և այժմ արդեն ակնհայտորեն նա Լեռնային Ղարաբաղի ժամանակը և հավեսը չունի, հիմա նրա խնդիրը Սյունիքն ու Հայաստանը պահելն է։
Մարկեդոնովի կարծիքով` ներկայիս հակամարտությունը եղել և շարունակում է մնալ ոչ թե ղարաբաղյան, այլ հայ-ադրբեջանական։ ԼՂ-ն խնդիր ընդամենը մի մասն է։ Հակամարտությունն ընթանում է պետությունների, դրանց ազգային կառուցման շուրջ։ Այս հակամարտության կարևոր գործոն պետք է համարել Թուրքիայի ներկայությունը։
Մարկեդոնովի խոսքով` Անկարայի մոտեցումը մոտավորապես հետևյալն է` քանի դեռ Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց հետ նոր սառը պատերազմ են վարում, Թուրքիան այս տարածաշրջանում իր գործերն ունի։ Դա դրսևորվում է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական կապի մեջ և բարձրացնում տարածաշրջանում Բաքվի դերն ու նշանակությունը։
Մարկեդոնովը նշել է նաև, որ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ փաստացի իր պայմաններով։ Եվ այդ գործոնը ևս նշանակալի է տարածաշրջանում ուժերի դասավորությունը գնահատելու պարագայում։