Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի Պանամա. Bloomberg

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ծրագրում է մեկնել Պանամա՝ Վաշինգտոնի կողմից Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ գործակալության տվյալների՝ Պետքարտուղարության նոր ղեկավարի առաջին արտասահմանյան այցը պետք է ընդգծի Պանամայի ջրանցքի վերաբերյալ Թրամփի և նրա վարչակազմի հայտարարությունների լրջությունը։

Բացի Պանամայից, լատինամերիկյան շրջագայության ընթացքում Ռուբիոն նախատեսում է այցելել Գվատեմալա, Դոմինիկյան Հանրապետություն, Կոստա Ռիկա և Սալվադոր:

Նման ուղևորությունը, նշում է գործակալությունը, տարբերվում է առաջին շրջագայության սովորական պրակտիկայից, որի համաձայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այցելում է իր երկրի առանցքային դաշնակից երկրներից մեկը։ Այսպես, նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այդ պաշտոնում իր առաջին ուղևորությունը կատարել է Ճապոնիա, իսկ Ռեքս Թիլերսոնը, որը Պետքարտուղարությունը ղեկավարել է 2017-2018 թվականներին Թրամփի առաջին նախագահական ժամկետում, առաջինն այցելել է  Գերմանիա:

Թրամփը, հունվարի 20-ին երդմնակալության խոսքով հանդես գալով Կոնգրեսում, կրկին հայտարարել է Պանամայի ջրանցքը վերադարձնելու մտադրության մասի։ Նա պնդել է, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային փոխանցելը եղել է «անմիտ նվեր, որը պետք չէր անել»:

Քաղաքական գործչի խոսքով՝ «Չինաստանն է կառավարում Պանամայի ջրանցքը»։Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել 1914 թվականին, կառուցվել Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս-Քարթերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և մատչելիությունը համաշխարհային առևտրի համար։ Այսօր այն մնում է կարևորագույն երթուղի համաշխարհային տնտեսության համար և ԱՄՆ-ի շահերի առանցքային օբյեկտներից մեկը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս