
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լիբանան

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ երկրի նոր ղեկավարությանն աջակցելու նպատակով։ Նա բանակցություններ կվարի հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ, որին հանձնարարված է կազմել նոր կառավարություն։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Բեյրութ կայցելի վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ, ինչն ըստ Al Nahar թերթի, վկայում է Էր Ռիադի ցանկության մասին՝ վերականգնելու իր դիրքերը Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումից և Դամասկոսում նոր վարչակարգի իշխանության գալուց հետո։
Հունվարի 21-ին ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվում՝ արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը դրական քայլ է համարել հունվարի 9-ին լիբանանյան բանակի նախկին հրամանատար Ջոզեֆ Աունի ընտրությունը երկրի նախագահի պաշտոնում ավելի քան երկու տարվա քաղաքական ճգնաժամից հետո։ Նա հույս է հայտնել, որ Լիբանանի նոր կառավարությունը կկազմվի ամենամոտ ժամանակներս։
«Մենք պետք է տեսնենք իրական գործողություններ, նոր կաբինետի հանձնառությունը բարեփոխումներին, որպեսզի կարողանանք ուժեղացնել մեր մասնակցությունը», – ասել է թագավորության արտգործնախարարության ղեկավարը։Ինչպես սպասվում է, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը նախագահ Աունին կհանձնի հրավեր՝ ժամանելու Սաուդյան Թագավորություն պաշտոնական այցով։
Ըստ Al Nahar-ի տվյալների՝ Էր Ռիադում բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ստորագրել 22 համաձայնագիր՝ ուղղված երկկողմ համագործակցության զարգացմանը: