Արարատ Միրզոյանը՝ Մեծ Բրիտանիայի նախազգուշացման և ֆեյսբուքյան «փոթորիկների» մասին

«Թեկուզ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Կիրանցի հատվածն ամենաապահով հատվածն է, բայց բրիտանացի հետախույզները չեն կիսում այդ կարծիքը և կոչ են անում հենց այդ հատված չգնալ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցին պատասխանելուց առաջ կիսվեց երկու զգացմունքով՝ զարմանք և հարգանք. «Հարգանքս եմ ուզում հայտնել ձեզ, որ այդքան հմտորեն, գունագեղ, բռնեցիք՝ բրիտանական կառավարության մաքսային սահմանային հարցը կապեցիք Շուռնուխի հետ, էնտեղից հելաք հյուսիս, մտաք Կիրանցով անցաք՝ գնացիք հայ-ադրբեջանական: Իմ զարմանքն եմ ուզում հայտնեմ ձեր խմբակցության կողմից տրվող հարցերի կապակցությամբ:

Ես մի քանի օր առաջ մտա Ֆեյսբուք, տեսա՝ էլի ֆեյսբուքյան փոթորիկներ են. հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո մի կեսն ասում էր՝ վերջ, փրկվանք, որն իրականում քիչ աղերս ունի իրականության հետ, էն մյուս կեսն էլ ասում էր՝ էս ինչ ստից թուղթ է: Ամեն ինչ բարեհաջող կերպով «պռավալ» տված մի նախկին պաշտոնյա նույնիսկ ասում էր՝ անփայլ փաստաթուղթ է, էն մի կեսն էլ ասում էր՝ վատ բան չի, բայց հես ա մեզ Մոսկվան և Թեհրանը կպատժեն:

Գալիս եք նիստերի դահլիճ, առաջին հնարավորությունն է այդ իրադարձությունից հետո հարցուպատասխանի, մեկ էլ տեսնում են՝ հարցերը վերաբերում են՝ բա ոնց անենք, որ էս մի բանը էդքան թափանցիկ չլինի: Ինչևէ, վերադառնամ Ձեր հարցին. պետք է հիասթափեցնեմ Ձեզ, պարոն Խաչատրյան, որովհետև այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից, չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ՝ նորից ուսումնասիրեք: Իրականում, մեղմացում կա Հայաստանի մասին ռեկոմենդացիաների. Ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է արված այժմ Հայաստանին վերաբերելի հատվածից»:

Կարդացեք նաև

Արթուր Խաչատրյանն էլ իր հիացմունքը հայտնեց, թե ինչպես կարելի է երեք հարցից որևէ մեկին չպատասխանել. «Այդ ամբիոնը վարակիչ է դառնում»:

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացի արդյունքում հայկական տարածքների դեօկուպացիայի մասին հարցին, Արարատ Միրզոյանը նշեց, որ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, և փաստարկներն ու հիմնավորումները պետք է ներկայացնեն սահմանազատման գործընթացի ժամանակ:

«Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կարող է սկսեի Խաղաղ օվկիանոսից, ավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա նաև 200 պետություն: Որևէ բան կարող ենք անել, երբ երկկողմ համաձայնություն կա այդ մասին, մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք այն համարում ենք խաղաղության գործընթացի հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից, եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս