«Ակտիվ ընդդիմադիրների ֆիզիկական ոչնչացման պահանջ է դրված». Արմինե Ադիբեկյան
Մինչ Ալիևը սպառնում է պատերազմով, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը կառուցվում է։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը ֆիքսում է այն փաստերը, որոնք չեն կարող խոսել ո՛չ բարեկեցության, ո՛չ խաղաղության, ո՛չ անվտանգության մասին:
«Երբ դու կառուցում ես խաղաղություն, դա նշանակում է, որ քո գլխավոր թշնամին երբևիցե իրեն թույլ չի տա ոչնչացման սպառնալիքներ հնչեցնել քո հասցեին: Եթե անգամ նա հնչեցնում է, ապա դու այնքան վստահ ես քո ուժի և պաշտպանվածության մեջ, որ կարողանում ես ադեկվատ պատասխան տալ»,–168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Փաշինյանն ընդունում է, որ հակառակորդը սադրում է պատերազմ, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե Հայաստանում կյանքը եռում է, ապա իրոք այդպես է. ունենք արտագաղթ, տնտեսական անկում, աղքատության աճ, կատաստրոֆիկ թանկացումներ: Իսկ ո՞վ է ասել, որ եռալը պարտադիր պոզիտիվ բնույթ է կրում: Նեգատիվն էլ է եռում: Իհարկե, կյանքը եռում է, որովհետև ես, շփվելով, հետազոտելով մարզերի բնակչությանը, կարող եմ ասել, որ զայրույթն այնքան է եռում մարդկանց մեջ, որ իրոք կյանքը Հայաստանում եռում, է, բայց ոչ այն ուղղությամբ, որը մեզ փորձում է կերցնել Նիկոլ Փաշինյանը»,-նշեց նա:
Արմինե Ադիբեկյանը համոզված է, որ հերթական թե արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը պահելու համար Փաշինյանը պետք է կեղծի ընտրությունները, որովհետև օրինական ճանապարհով նա երբեք չի հաղթի ընտրությունները.
«Ժողովրդի նեգատիվ վերաբերմունքը Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ այնքան բարձր է, որ նա շանսեր չունի: Ընդդիմադիր ուժերին կարող եմ խորհուրդ տալ, որ որոշ ռեգիոններում այն տեղը, որն ազատել է Նիկոլ Փաշինյանը, դեռ ոչ ոք չի զբաղեցրել, պետք է փորձեն այդ բացը լցնել: Կան ռեգիոններ, որտեղ արդեն այդ բացը լցված է»:
Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում ազգակերտման գործընթացը մոտենում է ավարտին, իսկ այդ «գեղեցիկ» հնարավորությունը, ըստ նրա, Ադրբեջանին տվել է Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը հանձնելով:
Նա չգիտի՝ ինչ է ստանում Նիկոլ Փաշինյանն այդքան զիջումների դիմաց, բայց պատկերացնում է Փաշինյանը հոգեբանական վիճակը.
«Այդ մարդը վախկոտ է, տգետ է, ապիկար է, նրան ինչ ասում են՝ անում է, թե նա դրանից ինչ-որ բոնուսներ է ստանում՝ ֆինանսի, անվտանգության, իշխանությունը պահելու տեսքով, դա երկրորդական է, որովհետև նա կարող էր պահել իշխանությունը, ունենալ ֆինանսներ՝ լինելով ճիշտ լիդեր և պահպանելով Հայաստանն ու Հայաստանի անվտանգությունը, բայց նա գնաց ուրիշ ճանապարհով: Հետևաբար, ես կարող եմ ասել, որ առաջնայինը ոչ թե այն է, ինչ նա կստանա, այլ այն, թե ինչու է դա տեղի ունեցել: Իսկ դա տեղի է ունեցել Փաշինյանի անձնական որոշ հատկանիշների շնորհիվ»:
Ադիբեկյանը հեգնանքով է վերաբերվում Աննա Հակոբյանի «Կրթելը նորաձև է» արշավին.
«Տգետն է շատ խոսում կրթելուց: Սովորելու լավագույն տարբերակն ինչ-որ մեկին սովորեցնելն է: Հաշվի առնելով ոչ միայն այդ զույգի կրթական ցենզը, այլև այն մարդկանց, ում միջոցով են նրանք փորձում կրթել, դա բացի հեգնանքից և նողկանքից՝ ուրիշ ոչ մի զգացում չի առաջացնում: Տգետը չի կարող պայքարել ինքն իր դեմ: Եթե մարդիկ պայքարում են տգիտության դեմ, նրանց կրթության նախարարը չի կարող լինել Ժաննա Անդրեասյանը, դա շատ պարզ է»:
Նա հիշեցրեց Ալիևի հայտարարությունները և ներկայացրեց, թե ինչպես է ինքը դրանք ընկալում.
«Ալիևը ասում է՝ եթե դու չոչնչացնես քո ֆաշիստներին, նրանց կոչնչացնեմ ես: Քանի որ նա որպես ֆաշիստ ընկալում է մեզ՝ ընդդիմադիր դաշտին, այստեղ խոսքը կարող է ընդդիմադիր դաշտի ակտիվ ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացման մասին լինել»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ընդդիմադիր դաշտի ակտիվ ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացմա՞ն, նա պատասխանեց.
«Այո, ես այդ թվում այդպես ընկալեցի: Պետք է շարունակել պայքարը: Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ: Փաշինյանի անգրագետ կինը չպետք է զբաղվի ուսուցանմամբ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում