Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել. Ռուսաստանը հստակ ասում է այն, ինչ Փաշինյանը չի ուզում ասել. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ եթե ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անեն, ի՞նչ է լինելու դրա հետևանքը։
«Ենթադրենք՝ ժողովրդի մեծ մասը տվեց իր համաձայնությունը, մենք ԵՄ-ից ստացե՞լ ենք որոշակի ազդակ, որ մեզ ասած լինեն՝ դուք հանրաքվե արեք, մենք ձեր առաջ մեր դռները կբացենք։ Հիշեցնեմ, որ նախորդ տարի ապրիլի 5-ին Փաշինյանի կառավարությունը Հայաստանի համար խոստանում էր ճեղքում, երբ ինքը հանդիպի ԵՄ և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կարծեմ Միացյալ Նահանգներն առաջարկեց 60 մլն՝ 4 տարվա ընթացքում, իսկ ԵՄ-ն՝ 270 մլն՝ 4 տարվա ընթացքում։ Նրանք գիծ գծեցին և ասացին, որ՝ մեր և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են CEPA-ի միջոցով։ ԵՄ-ի կողմից ես չեմ տեսել որևէ ակնարկ, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ։
Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, որ այս օրենքը հենց ընդունեցին, վաղը Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի, ԵՄ-ի հետ կապված Ռուսաստանի արձագանքը տրիվիալ ճշմարտություն է, քանի որ Հաայստանը չի կարող նստել երկու աթոռի վրա միաժամանակ։
«Սրանով Ռուսաստանը հստակ ասում է այն, ինչ Փաշինյանը չի ուզում ասել, որ սա քաղաքական խնդիր է՝ Ռուսաստանից հեռանալու խնդիր է, բայց ուր՝ չգիտեմ, որովհետև Հայաստանի Արևմուտքը Թուրքիան է։ Փաշինյանը հեռանալով Ռուսաստանից՝ Հայաստանը տանում է դեպի Թուրքիա»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում