Հայաստանին երբեք ԵՄ չեն ընդունելու. Արմեն Աշոտյան
«Նույն վիճակն է, ինչ 2018 թվականից և ավելի ակնհայտ՝ 2020 թվականից հետո․ եթե սիմվոլիկ բանաձևենք՝ մանկուրտները ծառայում են բոզկուրտներին»,- հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իշխանությունների վերջին մեսիջներին ու գործողություններին։
Նա հստակեցրեց՝ «բոզկուրտ» բառը հայհոյանքից վատ բան է, քանի որ բոզկուրտները թուրքական ֆաշիստական հակահայկական ու հակահունական ազգայնական կազմակերպություն են։
168․am-ն անդրադարձավ նաև օրերս գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։
Եվրաքվեին «կանաչ լույս տալու»՝ իշխանությունների այս դրվագի առնչությամբ էլ հանրապետական գործիչը նկատեց․
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիության իրական բարեկամները Հայաստանին, հայ ժողովրդին ուղիղ ասեն՝ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունի, երբեք չի լինելու ԵՄ կազմում: Եվ սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, պարտավոր են ասել՝ ժողովուրդ, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»:
Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության առնչությամբ Ռուսաստանի Դաշնությունից հնչած կտրուկ արձագանքներին անդրադառնալով էլ՝ Արմեն Աշոտյանն արձանագրեց՝ գործող իշխանությունը մսխել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն Արցախի հարցով, այժմ էլ մսխում է գեպոլիտիկ ժառանգությունը, մասնավորապես՝ ԵՄ և ԵԱՏՄ միջև դրված բալանսը, տնտեսական ժառանգությունը»:
«Միայն 2013 թվականին Սերժ Սարգսյանի կողմից կնքված, քննադատված գազային պայմանագիրը ՀՀ-ին այս տարիների ընթացքում առնվազն 8 միլիարդ դոլարի օգուտ է բերել, էլ չասեմ՝ ԵԱՏՄ շնորհիվ ինչքան միլիարդավոր դոլարներ են ստացվել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում