Ալիևի ասածը համապատասխանում է այն տեսլականին, որն իրականացնում է Հայաստանի այս իշխանությունը. Արման Աբովյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է ամբողջ Հայաստանին. սպառնալիքները Բաքվի բռնապետը հնչեցրել է հերթական հարցազրույցի ժամանակ՝ շեշտելով.
«Հայաստանը ֆաշիստական պետություն է… Հայաստանում ֆաշիզմը պետք է ոչնչացվի. դա կանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կա մենք։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»։
Ալիևը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանին «Խաղաղության պայմանագիր» պետք չէ, ապա այն պետք չէ նաև Ադրբեջանին, ու հավելել է. «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն»։
Ի պատասխան Ալիևի այս հոխորտանքներին, Նիկոլ Փաշինյանը Ալիևին հետ խոսել է խաղաղասերի տոնայնությամբ, առանց սպառնալիքների և նշել. «Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»:
Թե ինչպես է Փաշինյանը երկխոսության լեզու գտնելու Հայաստանը ֆաշիստական պետություն անվանող և Հայաստանի վրա հարձակվելու մասին ազդարարած Ալիևի հետ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել վերլուծաբան Արման Աբովյանի հետ։
Վերջինս Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական փաթեթը որակեց որպես Հայաստանին ներկայացված վերջնագիր՝ ընդգծելով՝ ցավալիորեն, Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը ոչնչացնելու հարցում աշխատում են սինխրոն։
«Ադրբեջանը հայերին առաջակում է ինքնաոչնչացում, որի պարագայում հայ չի լինի, կլինի խաղաղություն, Հայաստանի իշխանական վերնախավը, հետևողականորեն փլուզելով Հայաստանի անվտանգային համակարգը, հիմա ոչինչ չի առաջարկում՝ որպես հակազդեցություն։ Երբ ՀՀ իշխանությունը հանձնում է Հայաստանի ռազմավարական բարձունքները, դրանով Ադրբեջանին հոխորտալու առիթներ է տալիս ու պայմաններ ստեղծում, ինչն էլ հիմա տեսնում ենք։ Հայաստանի իշխանությունը թուրքական զորքը բերել է Հայաստանի ռազմավարական բարձունքների վրա։ Ո՞վ է ասում, որ Հայաստանի իշխանությունն Ալիևի հոխորտանքներից վտանգ է տեսնում. չի տեսնում, որովհետև այն, ինչ ասում է Ալիևը՝ ամբողջությամբ համապատասխանում է այն տեսլականին, որն իրականացնում է Հայաստանի այս իշխանությունը»,- ասաց Արման Աբովյանը։
Վերլուծաբանի համոզմամբ՝ հիմա հրատապ անելիք ունի Հայաստանի ժողովուրդը՝ մոբիլիզացվելու և պայքարելու պատրաստակամության մասին հայտարարելու հարցում, որովհետև անիմաստ է հույս կապել ՔՊ-ական իշխանության հետ, որոնց համար, եթե Հայաստանից իրենց վերահսկողության տակ մնա ընդամենը մի քանի փողոց, դարձյալ գոհ և երջանիկ կիշխեն այդ փողոցներում։
«Հարց տվեք ձեզ՝ այս իշխանությունն ո՞ւմ շահերն է պաշտպանում՝ արդյո՞ք «հպարտ քաղաքացու», որին Ալիևը հռչակել է ֆաշիստ, իհա՛րկե ոչ»,- ասաց Արման Աբովյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ալիևի խոսքն ավելի շատ ուղղված էր ոչ թե Փաշինյանին, այլ՝ հայ ժողովրդին, որից Ալիևը վտանգ է տեսնում։
«Ալիևի խոսքն ուղղված էր մեզ, որովհետև վտագ է տեսնում մեզնից. գիտի՝ հայ հասարակության համաշխարհային մոբիլիզացիայի դեպքում ոչինչ չի կարողանալու անել»,- ասաց Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։