Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ազատազրկված անձանց ինքնավնասումների մասին
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ազատազրկված անձանց՝ հունվարի 6-ին կատարած ինքնավնասումների հետ:
Ըստ կառույցի տարածած հաղորդագրության՝ հունվարի 6-ին ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով:
Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն:
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
«Հունվարի 6-ին ժամը 13:35-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում:
Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել:Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Հ.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով»,-մանրամասներ է տարածել Քրեակատարողական ծառայությունը: