«Ադրբեջանը բաց ասում է՝ չի պատրաստվում խաղաղության. կարող է սադրանք լինել՝ ընդդեմ Հայաստանի». Արամ Փոլադյան
«2025-ին պետք է ոչ թե սպասել իրադարձությունների, այլ՝ գործել: Թշնամի պետությունն այլևս չի թաքցնում իր միտումները»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հայատյացությունն իր պիկին է հասել:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հայատյացությունն իր գագաթնակետին հասավ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից կազմակերպված ֆորումի ընթացքում, որին մասնակցում էր նաև Թուրքիայի ԱԳ նախարարը. «Առավել, քան բաց, շեշտվում էր, որ հայերը պետք է պատասխանատվություն կրեն: Ալիևյան վարչակարգն անթաքույց արձանագրում է, տարածում է տեղեկատվություն, որ, մեղմ ասած, չեն պատրաստվում խաղաղության: Հայաստանը ռազմական բյուջեն ավելացնում է, զենք է գնում, Ալիևն անձամբ հայտարարում է՝ Հայաստանի ռազմականացման գործընթացին ի պատասխան՝ ավելացնում են իրենց բյուջեն: Հետևաբար, յուրաքանչյուրս պետք է գիտակցի իր պատասխանատվության չափաբաժինը»:
Նա շեշտեց, որ 2022թ. Ջերմուկի դեպքերի ժամանակ հայ հասարակությունը կարողացավ ապացուցել, որ չի կոտրվել. «Պետք է պատրաստվել 2025-ին, գործել, եթե ռազմականացված կառույցներն անում էին մեկ գործողություն, հիմա պետք է անեն 10 գործողություն, որովհետև յուրաքանչյուր պահի կարող է տեղի ունենալ սադրանք՝ ընդդեմ մեր պետության, և դրա մասին թշնամիները չեն լռում և ակնարկներով չեն խոսում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում