«Խաղաղության պայմանագիրը» կեղծիք է. մեր հասարակությունը չի կարող վստահել մի պետության ու նրա ղեկավարության, քանի դեռ գերիների վերադարձի հարցը լուծված չէ. Սիրանուշ Սահակյան
«Խաղաղության պայմանագիրը» ֆիկցիա է։ Պայմանագիր ստորագրելով՝ խաղաղություն չի լինում։ Քանի դեռ Ադրբեջանում չի ձևավորվել իրավահավասարության մթնոլորտ, որտեղ հայերը կընկալվեն որպես ադրբեջանցիներին հավասար էթնիկ խումբ, որոնց չի կարելի կոտորել ու բնաջնջել, խաղաղություն չի՛ լինելու։
Ադրբեջանի կողմից նման միտում առայժմ չի նկատվում։ Գերիների փոխանակումն այն գործոնն է, առանց որի՝ չի՛ կարող ընթանալ որևէ բանակցություն խաղաղության շուրջ։ Մեր հասարակությունը չի կարող վստահել մի պետության ու նրա ղեկավարության, քանի դեռ գերիների վերադարձի հարցը լուծված չէ։ Չկա հավասար բանակցային կողմն այդ հարցը լուծելու համար»,-«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գործում է հայելային կերպով. եթե կա 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը, Ադրբեջանում ի հակադրություն դրա՝ հորինում են Խոջալուի ցեղասպանությունը։ Եթե կա Արևմտյան Հայաստան, հորինում-ստեղծում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը… Բացարձակ անթույլատրելի պետք է լինեն ադրբեջանական թեզերին աջակցող հայտարարությունները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
«Ցանկացած հայ, անկախ իր քաղաքացիությունից ու բնակության վայրից, մաս է կազմում միջազգային արդարադատության դատարանի գանգատի։ Հետևաբար՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հայցերը հետ վերցնելն ազդեցություն է թողնելու համայն աշխարհի հայերի համար։ Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է նաև մեր գանգատի մեջ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: