Բաֆետի առաջարկած մեթոդը թույլ կտա նաև մեկընդմիշտ փակել «նախկինների» թեման և ստիպել որևէ «ներկայի» մշտապես անձնապես պատասխանատու լինել ցուցանիշների համար. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը առաջարկում է Բյուջեի դեֆիցիտի հարցը հինգ րոպեում լուծելու տարբերակ: Նա նշում է, որ պարզապես պետք է ընդունել օրենք, ըստ որի, եթե բյուջեի դեֆիցիտը գերազանցում է ՀՆԱ երեք տոկոսը, ապա Կոնգրեսի գործող որեւէ անդամ չունի վերընտրվելու իրավունք:
Համաձայնեք, նույնիսկ հանճարեղության ձգտող առաջարկ է: Եվ սա ասում եմ առանց հեգնանքի:
Պետական գործերի արդյունավետությունը էապես կախված է այն հանգամանքից, թե այդ գործերի համար պատասխանատուները ինչ մեխանիզմներով են հաշվետու հանրությանը: Ի վերջո, նրանք ամեն ձախողման ելք կարողանում են գտնել պոպուլիզմի միջոցով, առավել եւս մեդիանենգափոխումների այսօրվա տեխնոլոգիական պայմաններում:
Մինչդեռ, երբ պարզապես օրենսդրորեն արգելվում է լինել պետության ղեկին, եթե պետությունը չի շարժվել բավարար արագությամբ եւ բավարար կանոնավորությամբ, ապա այդտեղ արդեն չի փրկի ոչ մի պոպուլիզմ:
Ընդ որում, Բաֆետի առաջարկած մեթոդը թերեւս հիանալի տարբերակ է Հայաստանի համար: Դա թույլ կտա նաեւ մեկընդմիշտ փակել «նախկինների» թեման եւ ստիպել որեւէ «ներկայի» մշտապես անձնապես պատասխանատու լինել ցուցանիշների համար:
Իհարկե, թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում, եւ թե թերեւս այլուր այդպիսի մեխանիզմի ընդունումը գործնականում աներեւակայելի է»։