Ո՞վ է ո՞ւմ խփել՝ Սարիկ Մինասյանը՝ Կարեն Սարուխանյանի՞ն, թե՞ հակառակը. ՔՊ-ականների տոնածառային փարթիի անհանգիստ վերջաբանը
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ նախորդ շաբաթ օրը Գյումրու ռեստորաններից մեկում Գյումրու նախնական ընտրություններում հաղթած և համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանի և ՔՊ-ի կողմից մերժված Կարեն Սարուխանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ աղբյուրի՝ կռվի պատճառը եղել է Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, ով առաջիկայում պետք է փոխքաղաքապետ նշանակվի։
«Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչո՞ւ ես իմ ներկայությամբ հայհոյում: Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին: ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի»,- գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը:
168.am-ի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, կռվի վերածված վիճաբանության թեման ու առիթը բոլորովին այլ է եղել:
«Գյումրիի տոնածառը դնելուց հետո նույն օրը ՔՊ-ականները բավականին պատկառելի կազմով մասնակցել են խնջույքի: Ուտել-խմելու արարողությունը ձգվել է մինչև ուշ գիշեր՝ ժամը 2։30-ը, և ՔՊ-ականները հասցրել են այնպես հարբել, որ կորցրել են իրենց: Արդեն մարդկանց ցրվելուն մոտ մի սեղանի շուրջ նստած է եղել մի 7-8 հոգի մարդ, որոնց թվում՝ ՔՊ-ի Շիրակի մարզի բոլոր պատասխանատուները և, իհարկե, քաղաքապետի ժ/պ նշանակված Սարիկ Մինասյանն ու պատգամավոր Կարեն Սարուխանյանը, փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի ազգականը»,- ասաց խնջույքի մասնակից ՔՊ-ական մեր աղբյուրը:
Ըստ նրա՝ խոսակցության թեման եղել է գործարար Միսակ Բալասանյանը՝ Սամվել Բալասանյանի որդին, ով Իրաքում ՀՀ դեսպանն էր 2023թ. սեպտեմբերի 5-ից, բայց հետ է կանչվել նույն տարվա դեկտեմբերի 29-ին:
«Կարեն Սարուխանյանն ասաց՝ Միկան (Միսակ Բալասանյան։- Գ.Ս.) իմ ընկերն է, ինչին Սարիկ Մինասյանը հակադարձեց մոտավորապես՝ «Միկան ընկեր չէ, ընկերություն քանդող է» տրամաբանության մեջ, ինչին ի պատասխան՝ արդեն հարբած Կարեն Սարուխանյանը խփում է Սարիկ Մինասյանի դեմքին: Սկսվեց քաշքշոց, բայց ՔՊ-ականները լցվեցին գլխներին, հանդարտեցրին, բարիշացրին, ասին՝ ողջագուրվեք, դուք ախպեր եք»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը:
Փաստացի ՔՊ-ականների մոտ հարբած ծեծկռտուքը դառնում է սովորական մի բան: Օրերս էլ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանն է ընկել նման մի պատմության մեջ, որի մանրամասները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում: