Բաժիններ՝

Պորտուգալիայի ափերի մոտ հայտնաբերվել է շուրջ 250 խորտակված նավ` գանձերով

Պորտուգալիայի ափերի մոտ շարունակում է մնալ գանձերով բեռնված շուրջ 250 նավ, որոնցից միայն մեկում կարող է լինել մինչև 22 տոննա ոսկի և արծաթ։ Գտածոյի մասին հայտնել է պորտուգալացի հնագետ Ալեշանդրի Մոնտեյրուն։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք գիտենք, որ այնտեղ (խմբ.՝ ծովի հատակին) կա 250 նավ՝  գանձերով», – մեջբերում է նրա խոսքը տեղական Observador թերթը:

Գիտնականի խոսքով՝ իրեն հաջողվել է ստեղծել տվյալների բազա, որը թույլ է տվել որոշել Պորտուգալիայի ջրերում՝ Մադեյրայի, Ազորյան կղզիների և մայրցամաքի ափերի մոտ խորտակված նավերի մեծ մասի գտնվելու վայրը։ Դրանց թիվը 16-րդ դարից ի վեր կազմում է մոտ 8620:

«Ես գիտեմ, որ Տրոյայի դիմաց (խմբ.՝ թերակղզի Լիսաբոնից դեպի հարավ) ծովի հատակին է գտնվում 1589 թվականի իսպանական Nossa Senhora do Rosario նավը: Կատարել եմ հետազոտություն… այնտեղ կա 22 տոննա ոսկի և արծաթ», – ասել է Մոնտեյրուն։

Պորտուգալիան եղել է 15-րդ և 16-րդ դարերում Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Օստ Ինդիայում անդրծովյան տիրակալություններով խոշորագույն գաղութային տերություններից մեկը: Պորտուգալական գաղութային կայսրության աստիճանական տրոհման արդյունքում առաջացան այնպիսի անկախ պետություններ, ինչպիսիք են, այդ թվում, Բրազիլիան, Անգոլան, Մոզամբիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս