Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Սիրիա
Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։
«Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը »,- ասել է Փուրֆարզանեն։
Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ նպատակակետ երկրից։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, նախագահ Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որը ղեկավարում էր այսպես կոչված «Փրկության կառավարությունը» Իդլիբ նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին: Անցումային կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։