Դանդաղ մահ՝ հաճելի փաթեթավորմամբ
Գործող իշխանության սոցիալական բազան իր էությամբ տեղեկատվական է կամ հանդես է գալիս՝ որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով գոյացած ու կառավարվող հավաքականություն։ Խոսքն ընդհանուր առմամբ ցածրորակ, մակերեսային տեղեկատվության մասին է, որին հասարակության զգալի հատվածը սովորել/սովորեցվել է տևական ժամանակ։
Հանրային մեծ խմբեր դարձել են նախկին հասկացություններով «դեղին մամուլին» բնորոշ, ներկայիս եզրաբանությամբ՝ կեղծ կամ կիսաճշմարտություններ պարունակող պարզունակ տեղեկատվության սպառողներ, ինչը մարդկանց մեծ մասին զրկել է քննադատական մտածողությունից։ Խնդիրն ինֆորմացիայի զուտ սպառումը չէ, որով ապահովվում է նաև հասարակության մտավոր զբաղվածությունն ու ժամանցը։ Կարևոր է այն, որ հենց այդ տեղեկատվությունն է դրվում մարդկանց կողմից կայացվող քաղաքական որոշումների ու նրանց քաղաքացիական վարքագծի հիմքում, որն արդեն արտահայտվում է այս կամ այն կենսական հարցի վերաբերյալ քաղաքացիների մակերեսային դատողություններով և վերջին հաշվով՝ ընտրություններում նրանց կողմից կատարվող մակերեսային ընտրությամբ։ Ընտրություններում մարդիկ այս կամ այն ուժին, թեկնածուին ընտրում են նախորդող տարիներին իրենց սպառած տեղեկատվության ու դրա որակին համապատասխան։
Տարիներ շարունակ կիսաճշմարտություններ սպառող հասարակությունն ընտրության ժամանակ չի կարող կատարել որակյալ ընտրություն, իր որոշման հիմքում չի կարող առաջնորդվել գոնե նվազագույն վերլուծության կամ համեմատության սկզբունքներով։
Յուրաքանչյուր հաջորդ ընտրության մոտավոր պատկերն այդ իմաստով հեշտորեն կարելի է կանխատեսել՝ այսօրվա մամուլի, հեռուստատեսության, սոցցանցերի անգամ ոչ խորքային մոնիթորինգի միջոցով։ Այն ցույց է տալիս, որ մեծ մասսայականություն է վայելում մակերեսային, դյուրամարս տեղեկատվական բովանդակությունը, հաճելի էմոցիաներ կամ ատելություն առաջացնող խոսքը։
Ի հակադրություն ծիծաղելիորեն ցածր պահանջարկ ունեցող այն բովանդակության, որի ընկալումը պահանջում է մտածել, վերլուծել ու համադրել։ Հենց այս պատկերն էլ պրոյեկցվելու է առաջիկա ընտրություններում՝ մարմնավորվելով այսօրվա սպառած տեղեկատվության հետ ասոցացվող ուժի կամ անհատների մեջ։
Տեղեկատվական-քաղաքական դաշտում ակնհայտ այս իրողությունը շատ նման է արագ սննդի սպառմանը։ «Fast food»-ը շատ գայթակղիչ է արտաքինով, համեղ է ուտելիս և մարդու առողջությանը վնասում է ժամանակի երկար՝ այդ պահին անտեսանելի կտրվածքով, ամիսներ, գուցե տարիներ հետո։
Նույնն էլ տեղի է ունենում տեղեկատվական «fast food»-ի հետ՝ մարդիկ այդ պահին սպառում են ականջահաճո մանիպուլյատիվ ինֆորմացիա, իրական փորձագիտության հետ կապ չունեցող «էքսպերտային մտքեր», հույսեր առաջացնող անիրատեսական խոստումներ ու ցասում առաջացնող հայհոյախառն գնահատականներ։ Ինչպես արագ սնունդը, այնպես էլ նույնպիսի տեղեկատվությունը սպառման պահին հաճելի է, հովացնում է սիրտը, երբ հայհոյում են, շոյում է ականջը, երբ ուրվագծում են պայծառ ապագա։ Բայց այն հասարակական օրգանիզմի, որպես հետևանք՝ պետության վրա ազդում է ճիշտ նույն կերպ, ինչպես «fast food»-ը՝ առողջության պարագային։
Դանդաղ մահ կամ, լավագույն դեպքում, առողջության քայքայում։ Բայց ինչպես արագ սնունդի, այնպես էլ տեղեկատվության դեպքում, ապագայի մասին մտածելիս՝ հասարակության մեծ մասն առաջնորդվում է «ով՝ սաղ, ով՝ մեռած» սկզբունքով, և պետության հետ անում է այն, ինչ ցանկացած մտահոգ ծնող արգելում է երեխաներին անել իրենց օրգանիզմի հետ։ Հայաստանն առաջիկայում թևակոխելու է նախընտրական ժամանակներ, որոնց ընթացքում տեղեկատվական «fast food»-ի չափաբաժինը բազմապատկվելու է։
Եվ ընտրություններից հետո պետության հետ կատարվելու է մոտավորապես այն, ինչը պատկերվում է արագ սնունդի վնասների մասին պատմող գիտական այն ֆիլմերում, որոնք նույնպես՝ որպես կանոն, մեծ մասսայականություն չեն վայելում։
Հարություն Ավետիսյան