
Հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռներով հարվածել են Թել Ավիվին

Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժումը (հութիներ) հարվածներ է հասցրել իսրայելական ռազմական թիրախներին Թել Ավիվի շրջանում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիային։
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերն իրականացրել են ռազմական գործողություն՝ «Պաղեստին-2» երկու հիպերձայնային բալիստիկ հրթիռներով հարվածելով իսրայելական թշնամու երկու կարևոր ռազմական թիրախների օկուպացված Յաֆֆոյի շրջանում (խմբ.՝ Թել Ավիվ): Գործողությունը հասել է իր նպատակներին», – ասել է շարժման ներկայացուցիչը հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Թել Ավիվին հրթիռային հարվածը հասցվել է Եմենի վրա Իսրայելի գրոհի հետ միաժամանակ։
«Գործողությունն ըստ ժամանակի համընկել է իսրայելական ագրեսիայի հետ քաղաքացիական օբյեկտների վրա մայրաքաղաք Սանայում և Էլ Հոդեյդայի նահանգում, մեր պատասխանը եղել է բնական և օրինական», – հայտարարել է Սարիան:
Դեկտեմբերի 19-ի առավոտյան Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Եմենի տարածքում հութիների օբյեկտներին։ Դրանից ոչ շատ առաջ իսրայելացի զինվորականները հայտնել էին Եմենից արձակված հրթիռի կալանման մասին։ Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: