Մոզամբիկում «Շիդո» փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի
Մոզամբիկում դեկտեմբերի 15-ին մոլեգնած «Շիդո» արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ըստ Տարերային աղետների հակազդման ազգային ինստիտուտի՝ տեղատարափ անձրևների առաջացրած փոթորկային քամիները և հեղեղումները հանգեցրել են 45 մարդու մահվան, ավելի քան 500 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Փոթորկից տուժել է Մոզամբիկի 174 000 բնակիչ։ Ավերվել է ավելի քան 35 000 շենք։Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի մասին։
Փոթորկի էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասել է 60 մ/վրկ-ի, տեղացել են անձրևներ։ Ամենից շատ տուժել են Կաբու Դելգադուի, Նամպուլայի և Նիասայի նահանգները։ Այդ նահանգների շատ շրջաններում վնասվել են էլեկտրացանցերը, հեղեղված են ճանապարհները: Այժմ «Շիդո»-ն հեռացել է Մոզամբիկի տարածքից և այլևս վտանգ չի ներկայացնում, նշում է ազգային ինստիտուտը։
Փոթորիկն սկիզբ է առել դեկտեմբերի 7-8-ը Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում։ Այնտեղից այն սկսել է շարժվել արևմուտք՝ դեպի Աֆրիկայի ափեր։ Այն նախ պատուհասել է Մայոտ արշիպելագին (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Հնդկական օվկիանոսում), որտեղ զոհերի թիվը հասնում է 31-ի։ Մայոտի իշխանությունները նշել են, որ զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների։