
Թուրքական Lady Fortune-ը նավը, որի անձնակազմի մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են, шղետի ազդանշան է տվել Կերչի նեղուցում

Թուրքական նավը, որի անձնակազմի մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են, Կերչի նեղուցում աղետի ազդանշան է տվել. նավը չի կարողանում բաց ծով դուրս գալ, անձնակազմի ջուրն ու սնունդը վերջանում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ծովագնացների արհմիությունից։
«Թուրք նավատիրոջը պատկանող և Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող Lady Fortune նավի անձնակազմը կապ է հաստատել մեզ հետ: Մի քանի օր առաջ նրանք լքել են Կերչը և պետք է մեկնեին Թուրքիա։ Սակայն այս պահին պարզվել է, որ դա անհնար է՝ խմելու ջուրը գրեթե վերջացել է, սպառվում է նաև սնունդը. իրավիճակը բարդացնում է նավի տեխնիկական վիճակը, եղանակային բարդ պայմանները և այն, որ նրանց գործատուն անբարեխիղճ է և անձնակազմին վեց ամիս աշխատավարձ չի տվել», – ՏԱՍՍ-ին ասել է արհմիության ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ նավում կա 13 մարդ՝ անձնակազմի մեկ անդամը Թուրքիայի քաղաքացի է, մյուսները՝ Ադրբեջանի։
«Այժմ նրանք գտնվում են Կերչի նեղուցում, աղետի ազդանշան են ուղարկել, բայց դա կապված է ոչ թե վատ եղանակի, այլ հենց այն բանի հետ, որ նրանք սնունդ չունեն»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։