Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,– գրել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 8–10–ը Գյումրիում տեղի էին ունեցել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել էր անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններ անցկացնելու որոշում կայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ գյումրեցիները պետք է ընտրեն, թե ում են ցանկանում տեսնել իրենց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։ Նախնական ընտրություններին մասնակցել էր 7 թեկնածու։

Գյումրիում կառավարման ժգնաժամ էր առաջացել այն բանից հետո, երբ «Բալասանյան դաշինք»–ի բոլոր անդամները, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վայր էին դրել ավագանու անդամի մանդատները, իսկ դրանից հետո ավագանին քվորումի բացակայության պատճառով չէր կարողանում նիստեր գումարել։

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց ժամանակից շուտ դադարեցնել Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ։ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 20-ին։

Տեսանյութեր

Լրահոս