Պենտագոնի անդրադարձը թուրք-սիրիական գործոնին
Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինխն ամենօրյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ այդ երկրում տիրող իրավիճակը Թուրքիայի համար սպառնալիքներ է ստեղծում։
«Թուրքիան սպառնալիքների է բախվել և ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի»,-հավելել է նա։
Բացի այդ, ասուլիսի ընթացքում Սինխին Թուրքիայի կողմից Սիրիայից դուրս բերված Սուլեյման շահի դամբարանի իր նախկին վայր վերադարձնելու վերաբերյալ հարց է ուղղվել, որը վերջինս թողել է անպատասխան։
«Կրկնեմ, շարունակելու ենք համագործակցել Թուրքիայի հետ։ Մեր արտգործնախարարն էլ տարածաշրջանում իրավիճակը քննարկելու նպատակով այցեր է իրականացնում։
Մենք հասկանում ենք Թուրքիայի նկատմամբ ձևավորված սպառնալիքները։ Սրանից բացի էլ ավելի շատ բան ասել չեմ կարող»,-ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։
Նշենք, որ Սուլեյման շահը Օսմայնան կայսրության առաջին սուլթան Օսման 1-ի պապն է։
2015-ին, երբ Սիրիայում թեժ մարտեր էին ընթանում, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի զինուժին պատկանող ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիայի Էշմե գյուղ և անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես տարհանել էին այնտեղ գտնվող Սուլեյման շահի դամբարանը։ Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել էին Թուրքիայի տարածք։
2018թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ այն բանից հետո, երբ Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Թուրքիան շահի դամբարանը հետ կտեղափոխի Սիրիա։



