Հայաստանի վրա հարձակման համար Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում. Սերգեյ Մելքոնյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար պաշտոնական Բաքուն հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին՝ միտումնավոր տորպեդահարելով բանակցային գործընթացը։ Հերթական պահանջի մասին այս անգամ խոսել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» թեմայով միջոցառման ժամանակ նա նշել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար հիմնական խոչընդոտներ կան. դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է, մյուսն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ, իսկ ահա երրորդը՝ Հայաստանի միացումն է Հռոմի ստատուտին։
Ադրբեջանի փոխարտգործնախարարի այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ ադրբեջանական պահանջներին՝ X-ի իր միկրոբլոգում գրելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրբեջանական չավարտվող պահանջների և բանակցային գործընթացի ներկա փուլի մասին՝ APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ այս պահանջները կոնկրետ նպատակներ ունեն։
«Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս շատ թուլացնել Հայաստանը և առաջադրել այնպիսի պայմաններ, որոնք այդ թուլացած Հայաստանը չի կարող ընդունել. Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 99 տոկոսը դեմ է, որ ադրբեջանական պահանջով Սահմանադրություն փոխվի, ուստի Ադրբեջանը շարունակում է հենց դա պնդել, ճնշել՝ իմանալով, որ դա անհնարին է։
Նման քաղաքականությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ստեղծել փաթեթ՝ հայտարարել, թե Հայաստանը չի փոխում Սահմանադրությունը, չի ցանկանում բանակցել «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ, չի բացում Սյունիքով ճանապարհը, հետևապես՝ իրենք Հայաստանի վրա հարձակվելու պատճառ ունեն, իրենք պետք է ուժ գործադրեն և ստիպեն, որ հայերը հրաժարվեն իրենց ռևանշիստական նկրտումներից»,- ասաց միջազգայնագետը։
Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ երկիրը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նպատակ չունի, ընդհակառակը՝ պլանը հայկական գործոնը մեկընդմիշտ վերացնելն է։
«Ոչնչացնել Հայաստանը՝ որպես երկրորդ քաղաքական միավոր Արցախից հետո. Սա՛ է Ալիևի նպատակը։ Ալիևը խաղադրույքները բարձրացնում է, իսկ Հայաստանի իշխանությունն ընդունում է դրանք, օրինակ, համաձայնելով Ադրբեջանին տալ ճանապարհ՝ պարզեցված ընթացակարգով, ինչն ուղղակի կոչում է միջանցք։ Ադրբեջանական կողմը տեսավ՝ այդ պահանջը բավարարվում է, շարունակեց նորերն առաջադրել»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։