Մեկ անձից գնման եղանակով 2 պայմանագիր․ 7 միլիոն 500.000 դրամ՝  Լեհաստանի նախագահի կեցության և տեղափոխման համար

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի՝ նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ Արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, մեկ անձից գնման ոչ մրցակցային եղանակով երկու պայմանագիր է կնքել։

«Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ից ՀՀ ԱԳՆ արարողակարգի ծառայությունը 5 միլիոն 416.200 դրամով ձեռք 1 բերել հյուրանոցային կեցության ծառայություններ, ապա «Էլիտ Քար Սերվիս» ՍՊԸ-ից՝ 2 միլիոն 112.550 դրամ ընդհանուր արժեքով տրանսպորտային ծառայություններ։

Ի դեպ, 2018 թվականի սեպտեմբերից սկսած՝ պետական արարողակարգի ծառայությունը «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ի հետ կնքել է միլիոնավոր դրամների 15 պայմանագիր՝ բոլորն էլ մեկ անձ գնման ընթացակարգով։

«Էլիտ Քար Սերվիս» ՍՊԸ-ն ևս ԱԳՆ արարողակարգի ծառայության ֆավորիտ մատակարարներից է՝ հակառակ հանգամանքին, որ այս ընկերությունը մեկ տարվա պատմություն ունի։ Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ Գեղարքունիքի Ծովինար համայնքում գրանցված «Էլիտ Քար Սերվիս»-ը գործում է 2023 թվականի դեկտեմբերի 5-ից, և հենց դեկտեմբեր ամսից էլ համագործակցում է՝ այս ընթացքում կնքելով արդեն 23 պայմանագիր՝ բոլորը մեկ անձից ընթացակարգով։

Կարդացեք նաև

168am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Արտաքին գործերի նախարարության և նախարարության արարողակարգի ծառայության գնումներին՝ հիշեցմամբ, որ  ՀՀ-ում գնումների նախընտրելի ձևը մրցույթն է, ինչն օրենքի պահանջն է։

Հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ հաճախ խնդրահարույց են համարում մեկ անձ, հրատապ մեկ անձ, գնանշման հարցում գնման ընթացակարգերը՝ նկատի ունենալով կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։

Տեսանյութեր

Լրահոս