
Հայաստանում Սիրիայի դեսպանատունը փոխել է դրոշը

ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։
Դրոշի վրայի կարմիր հատվածը փոխարինվել է կանաչով, իսկ սպիտակ հատվածի վրայի աստղերը, որոնք նախկինում երկուսն էին, հիմա ավելացել են մեկով և կանաչի փոխարեն կարմիր են։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել էր Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը:
Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների պահպանության տակ էր. նրանք թույլ չէին տալիս նկարահանել տարածքը առանց պետական խորհրդանիշի:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։
Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: