
Սթրեսը, դեպրեսիան, նիկոտինի և կոֆեինի չարաշահումը, գերհյուծվածությունն ու անքնությունը կարող են հանգեցնել տագնապային գրոհի

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ: Այս բաժանմունքում կազմակերպում և իրականացնում են բուժառուների անհետաձգելի և օպերատիվ հետազոտություն, հիվանդության սուր շրջանում իրականցնում են անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, ինչպես նաև խորհրդակցություն՝ կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, ովքեր համատեղ որոշում են բուժառուի հետագա բուժման ընթացքը:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ուղղվածության, գործունեության, կարևորության, բաժամունքում առաջարկվող ծառայությունների և մի քանի հիվանդությունների ախտանշանների ռիսկի գործոնների և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի բժիշկ Ռուզաննա Ալավերդյանի հետ:
Մասնագետի խոսքով՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմում են տարբեր պաթոլոգիաներով բուժառուներ, սուր սրտային պաթոլոգիայի ախտորոշման հստակեցման համար, տագնապային գրոհներ, ալերգիկ ռեակցիաներ ունեցող բուժառուները և այլն: «Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք առավել շատ դիմում են սրտային խնդիրներով պայմանավորված՝ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմաման ժխտման նպատակով, զարկերակային բարձր ճնշման պարագայում, սուր եղնջացան ախտորոշմամբ, տագնապային գրոհների դեպքում և այլն»,- ասաց նա:
Անդրադառնալով սրտային նոպաների և տագնապային գրոհների առաջացման պատճառներին՝ մասնագետը նշեց՝ տագնապային գրոհների համար ռիսկի գործոններ են համարվում սթրեսը, դեպրեսիան, նիկոտինի և կոֆեինի չարաշահումը, որոշ սոմատիկ հիվանդությունները, հորմոնալ խանգարումները, օրգանիզմի գերհյուծվածությունը, անքնությունը և այլն: «Սրտային նոպայի առաջացման պատճառները նույնպես կարող են լինել տարբեր: Այս խնդիրը հիմնականում հանդիպում է միջին տարիքից բարձր անձանց շրջանում:
Սրտային նոպայի ժամանակ կարևոր է ժառանգական նախատրամադրվածությունը, իսկ ռիսկի գործոններից են ծխելը, վատ կենսակերպը, ճարպակալումը»,- նշեց բժիշկ Ալավերդյանը:
Մասնագետի խոսքով՝ տագնապային գրոհի և սրտային նոպայի ախտանշաններից են ցավի և դիսկոմֆորտի զգացողությունը կրծքավանդակում, հևոցը, օդի պակասի զգացողությունը, զարկերակային ճնշման տատանումները՝ հիմնականում բարձրացումների տեսքով և սրտի անկանոն աշխատանքի զգացումը: Տագնապային գրոհի ժամանակ հաճախ նաև բուժառուները նշում են տաքության և սառնության զգացողություն, դեմքի կամ վերջույթների թմրածություն: