
ԲԴԽ-ն դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարել է նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման մասին։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։
ԲԴԽ-ն բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը, որով բարձրացվել է դատավորի կողմից դատավարական նորմերի խախտման հարցը։
«ԲԴԽ-ն, քննելով միջնորդությունը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն։ Վերաքննիչ դատարանի դատավոր Գառնիկ Դանիելյանին հայտարարել նկատողություն։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատարել այն, և ավելի քան մեկ տարի երեք ամիս անց է այն հանձնել առաքման:
Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասաց Աթաբեկյանը։