Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է ռազմական դրությունը Ազգային ժողովի միաձայն պահանջից հետո

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը վաղ առավոտյան չեղարկել է ռազմական դրությունն Ազգային ժողովի միաձայն քվեարկությունից հետո, որով պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այն։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Պատգամավորների արտակարգ հանդիպման ընթացքում հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը նաև հայտարարել է, որ անմիջապես կսկսի նախագահի իմփիչմենթի գործընթացը, եթե նա ինքը հրաժարական չտա։

Ըստ Դեմոկրատական կուսակցության հայտարարության՝ նախագահի կողմից ռազմական դրության հայտարարումը «Սահմանադրության կոպիտ խախտում է, ապստամբության լուրջ գործողություն և իմփիչմենթի լուրջ հիմք»։

Yonhap-ը նաև նշում է, որ նախագահ Յուն Սոկ Յոլի բոլոր բարձրաստիճան տեղակալները, այդ թվում՝ նրա աշխատակազմի ղեկավարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հրաժարականի դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ Ազգային ժողովն արգելափակել է նրա կողմից ռազմական դրության անակնկալ հայտարարումը։

Հարավային Կորեայի նախագահն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս