Ծխելը, խմելը և վատ սննդի ընդունումն ավելացնում են արյան խոլեստերինի քանակը, որն էլ բերում է անոթային աթերոսկլերոզ հիվանդության
Պերիֆերիկ (ծայրամասային) զարկերակներ են համարվում մեր օրգանիզմի բոլոր զարկերակները՝ բացառությամբ սրտի կորոնար անոթների: Ամենահաճախը հանդիպում են ստորին վերջույթների զարկերակների ախտահարումները: Պերիֆերիկ զարկերակային հիվանդությունը սովորաբար զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման նշան է (աթերոսկլերոզ): Աթերոսկլերոզը հանգեցնում է զարկերակների նեղացմանը, ինչը կարող է նվազեցնել արյան հոսքը դեպի ոտքեր, երբեմն նաև ձեռքեր:
Պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոզ հիվանդության ախտանշանների, ռիսկի գործոնների և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ռուսլան Պալոյանի հետ:
«Պերիֆերիկ զարկերակների հիվանդություն ասելով՝ հասկանում ենք մի ախտաբանական վիճակ, որի ժամանակ տեղի է ունենում պերիֆերիկ զարկերակների, գլխուղեղի, ներքին օրգան համակարգերի և ստորին վերջույթների զարկերակների ախտահարում ինչ-ինչ հիվանդությունների պատճառով, որի հետևանքով առաջանում է արյան շրջանառության խանգարում․ ըստ կլինիկական դրսևորումների՝ իշեմիաներ, ստորին վերջույթներում ցավեր, տվյալ օրգան համակարգերի գործունեության խաթարում»,- ասաց բժիշկ Պալոյանը:
Մասնագետը նշեց՝ պերիֆերիկ զարկերակների հիվանդությունները բազմաթիվ են․ դրանք այն հիվանդություններն են, որոնք բերում են անոթի պատի վնասման ու արյան շրջանառության խանգարման: Ըստ նրա՝ դրանք բազմաթիվ են, բայց պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների հիմքում մեծ հաշվով ընկած է աթերոսկլերոզ հիվանդությունը: Բաժանմունքի ղեկավարն ընդգծեց՝ անոթային աթերոսկլերոզը չի կարելի խառնել հայտնի աթերոսկլերոզ հիվանդության հետ, որովհետև սա հավելյալ «վատ» խոլեստերինի կուտակումն է անոթներում, ինչը հանգեցնում է անոթների նեղացումների և խցանումների:
«Պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման հիմնական դրսևորումները պերիֆերիկ արյան շրջանառության խանգարումներն են, որոնք էլ բերում են ընդմիջվող կաղության, այսինքն՝ քայլելու դժվարությունների, երբ բուժառուն քայլում է և որոշ տարածություն անցնելուց հետո կանգնում, հանգստանում է, նոր շարունակում է քայլել: Ինչպես նշեցինք, պերիֆերիկ զարկերակների ախտահարման հիմքում աթերոսկլերոզ հիվանդությունն է ընկած, որը օրգանիզմում ավելորդ խոլեստերինի քանակն է և միշտ չէ, որ այն դրսևորվում է, անհրաժեշտ են արտաքինից ազդող գործոններ, որոնք կարելի է դասել երկու շարքի՝ կառավարելի և ոչ կառավարելի»,- նշեց անոթաբանը:
Ըստ մասնագետի՝ ոչ կառավարելի գործոններից են տարիքը (50-ից բարձր տարիքի անձանց մոտ առավել հաճախ է հադիպում), ժառանգական նախատրամադրվածությունը, իսկ կառավարելի գործոններն են՝ պասիվ կենսակերպը, արյան մեջ խոլեստերինի հավելյալ քանակը, շաքարային դիաբետը, ինչպես նաև վատ սովորությունները։ Ծխելը, խմելը և վատ սննդի ընդունումն ավելացնում են արյան մեջ խոլեստերինի հավելյալ քանակը, որն էլ բերում է աթերոսկլերոզ հիվանդության: Անոթային աթերոսկլերոզ հիվանդության մասին մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը: