
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի

Մուրմանսկում «Արկտիկական բեմ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնին շնորհվել է երկու դիպլոմ։ Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Փառատոնն անցկացվել է նոյեմբերի15-22-ը և համախմբել 14 խմիբ վեց երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս և Սերբիա:
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որը բեմադրել է գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան՝ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա։
Մուրմանսկ քաղաքի մշակույթի գծով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժնի նախագահ Ելենա Կրինժինան նշել է հիանալի դերասանական խաղն ու ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բացառիկ գեղարվեստական լուծումները՝ մատնանշելով բեմական հիասքանչ ռուսերենը։
Հիշեցնենք, որ թատրոնը ստեղծվել է 2022 թվականի մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Հիմնադիրն ու տնօրենը Ալեքսանդր Բորդովն է, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը՝ Ժաննա Կրիկորովան։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտագաղթից հետո թատրոնը վերածնվեց Երևանում և գործում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Յուրի Նավոյանը։