
Լավրովը մեկնաբանել է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օգտին, արժանի են աջակցության։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։
«Թրամփն ասել է, որ ինքը խաղաղության նախագահ է, ոչ թե պատերազմի, և մարդիկ, քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, որ իրենք խաղաղություն են ուզում և ոչ թե պատերազմ, ընդհանրապես արժանի են աջակցության»,- ասել է նա G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը նույնպես ողջունում է խաղաղության նախաձեռնությունները, որոնք գալիս են Չինաստանից և Բրազիլիայից։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի փոխարեն։ Նա նաև ընդգծել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ընդամենը 24 ժամում հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի խոսքերը, տվյալ հակամարտությունն անվանել է չափազանց բարդ խնդիր՝ մեկ օրում լուծելու համար։