Մենք գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ, դժվար է քաղաքագիտական բացատրություն տալ. Գեղամ Մանուկյան
Կիրակի օրը երեկոյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վահե Ղազարյանին ազատել՝ ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի, Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանին էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։
Ընդ որում, «Հրապարակը» գրել էր, որ նշված պաշտոնյաներին Փաշինյանն իր որոշման մասին հայտնել է WhatsApp-ի միջոցով՝ հաղորդագրություն ուղարկելով: Իսկ ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները, և, որ նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային: Միաժամանակ Փաշինյանն անուրանալի էր համարել նշված պաշտոնյաների ներդրումն իրենց ոլորտներում: Իրենց հրաժեշտի կամ ազատման դիմում գրելու որոշման մասին հայտարարություններում ևս, ըստ էության, նշված պաշտոնյաները ևս ձեռքբերումներ են արձանագրել: Այսինքն, հերթական անգամ մենք հասցեական չենք իմանում, թե այս կամ այն պաշտոնյան կոնկրետ ինչ պատճառով է ազատվում իր զբաղեցրած պաշտոնից: Օրինակ, ինչու Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնից ազատեց Արգիշտի Քյարամյանին, ում ԱԱԾ տնօրենի պաշտոնից էլ ազատել էր պատերազմի օրերին՝ 2020 հոկտեմբերի 8-ին, դարձյալ որևէ բացատրություն չի եղել:
168.am-ն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ վերջին պաշտոնանկությունները նախընտրակա՞ն, քաղաքակա՞ն, անձնակա՞ն, թե՞ համակարգային տրամաբանության մեջ են: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորն ուժային և իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ ԱԺ լսումների ժամանակ զգուշացրել էր նրանց՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացածին պատրաստ է զոհաբերել, «պռոբկի նման թռցնելու է»:
«Մեկ ամիս առաջ ԱԺ-ում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումների ժամանակ հստակ կանխատեսել էի այս իրավիճակը: Ձևակերպումը մի քիչ կոպիտ կարող էր հնչել այդ պահին, բայց ճիշտ իրավիճակի գնահատումն էր: Անցնող բոլոր տարիներին Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը եղել է ամբողջությամբ գաղտնի՝ մեկ անձի կամակորությամբ, մեկ անձի որոշումով, հանրությանը որևէ բացատրություն չտալով: Եվ հարափոփոխ փոփոխություններն ուժային կառույցներում բերել են անդառնալի բացասական հետևանքների՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ երկրի անվտանգային համակարգում ընդհանրապես: Եվ, ինչպես վերևում հիշատակեցի, ԱԺ լսումների ժամանակ ձևակերպել էի, որ նրանց «պռոբկի նման» Փաշինյանը հանելու է՝ հանուն սեփական իշխանության:
Իրականում շատ դժվար է քաղաքագիտական բացատրություն տալ, որովհետև մենք գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ: Եվ այս որոշման հիմքում տեղավորվում է և՛ նախընտրականը, և՛ Փաշինյանի այն գժական քաղաքականությունը, որը ձևակերպվում է հետևյալ բանաձևով, և որը շատ հաճախ ԱԺ–ում ենք հնչեցրել՝ «խեղճ հարիֆն ի՞նչ անի, կողքինները չեն աշխատում»: Դժվար է ասել, թե այս ուժային և քննչական կառույցների ղեկավարները, նաև՝ Գնել Սանոսյանն ուր կտեղափոխվեն: Չի բացառվում, որ կարճ ժամանակ հետո մեկ ուրիշ տաքուկ պաշտոն գտնեն, ինչպես եղավ ՊՊԾ ղեկավար, գեներալ Սարգիս Հովհաննիսյանի դեպքում, ինչպես եղավ ԱԱԾ նախկին տնօրենի դեպքում, որոնց հերթով տեղավորեցին էներգաբլոկին վերաբերող ձեռնարկություններում՝ որպես երևի տաղանդավոր «էներգետիկներ»: Քյարամյանի դեպքում հեշտ է, նա կարող է ամեն պաշտոնում էլ լինել, ինչպես անցնող տարիներին զբաղեցրել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը և հիշեցրեց Կառավարության այն նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն համարել էր «քյասիբի ռադիո»:
«Ինքն իրեն խայտառակ գնահատական տվեց՝ համարելով «քյասիբի ռադիոյի» նման խոսող: Սա ամբողջությամբ արտահայտում է պետական կառավարման համակարգի մերկությունը և չգոյությունը: Այդ ջղաձգումների պատճառ կարող են լինել բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմության փաստարկված այն բոլոր ձևակերպումները և հիմնավորումները, որոնք ներկայացնում էինք, որ իրականում պետական համակարգ գոյություն չունի, իրականում ամբողջ այդ գործունեությունը տապալված է»,- եզրափակեց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը որոշել էր Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել Արշակ Կարապետյանին, ինչին նախորդել էր վոթսափային զրույց, և որի մասին հանրությունն իմացավ 2024 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո հեռահար «փոխհրաձգություն» սկսվեց Փաշինյանի և Կարապետյանի միջև:
Նշենք, որ Փաշինյանը մարտին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել էր քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին:
«2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը, լինելով Պաշտպանության նախարար, կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել էր Փաշինյանը:
Արշակ Կարապետյանն արձագանքել էր նրան՝ նշելով, որ նոյեմբերի 14-ին Դուբայում է եղել. «Ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցելու մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը «կոնտրքայլ» էր կատարել և TikTok-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր իբր սկանդալային տեսանյութ:
Տարածված տեսանյութի վերջում տեղադրվել էր Փաշինյանի և Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի հաղորդագրությունը՝ թվագրված 2021թ., նոյեմբերի 14:
Այսինքն, Փաշինյանն անգամ անվտանգային կարևոր հարցերը քննարկում է WhatsApp-ով, իսկ այդ ժամանակ սահմանին լարված էր, նոյեմբերյան մարտերն էր Ադրբեջանը սադրում:
Իսկ որոշ ժամանակ անց այս WhatsApp-ային փոխհրաձգությունը մոռացվեց:
Բայց չենք մոռանում, որ ճակատագրի բերումով դարձյալ նոյեմբերի այս օրերին՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացավ Դավիթ Տոնոյանը, որ իրավիճակը լիցքաթափվի: Չենք մոռանում, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնից ազատվեց իբր հակահամաճարակային կանոնները խախտելու համար, որ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով հեռացվեց ԳՇ պետի պաշտոնից՝ իբր ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար, բայց ազատման հրամանագրում ոչ մի բառ չկար այդ մասին: Եվ նորից գալիս ու հանգում ենք նաև Գեղամ Մանուկյանի արտահայտած մտքին, որ Նիկոլ Փաշինյանը կամայական և գաղտնի որոշումներ է կայացնում միայն իր իշխանությունը պահելու և սեփական քաղաքական շահից դրդված: