Երևանի կենտրոնում և ոչ միայն. ինչ կկառուցեն ու կթարմացնեն ՀԷՑ–ն ու «Գազպրոմը» 2025-ին
2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն լրացուցիչ միջոցներ կներդնի Երևանի Փոքր կենտրոնի էներգամատակարարման համար։ Այս մասին նշված է ընկերության ներդրումային ծրագրի 2025 թվականի (2024-34 թթ. ծրագրի շրջանակում) հատվածում։ 2024 թվականին այդ նպատակի համար միջոցներ չեն նախատեսվել, բայց 2025-26 թվականներին կհատկացվի մոտ 3-ական միլիարդ դրամ (կոնկրետ 2025–ին՝ 3,1 միլիարդ դրամ կամ մոտ 8 միլիոն դոլար)։
Մայրաքաղաքի կենտրոնին էներգիա մատակարարող «Երևան-1» ՀԷԿ-ում 2024 թվականի ամռանը տեղի ունեցած վթարից հետո վնասվել են կայանից ցանց տանող էլեկտրահաղորդման գծերը։ Մայրաքաղաքի կենտրոնում մոտ երկու շաբաթ դադարեցվում էր էլեկտրամատակարարումը։ Դրանից հետո ՀԷՑ–ը որոշել է քաղաքի փոքր Կենտրոնում գտնվող ենթակայաններում ամբողջությամբ թարմացնել մալուխներն ու տրանսֆորմատորները։
Բացի այդ, նախատեսվում է վերազինել «Ջրվեժ» ենթակայանի սարքավորումները (այս ենթակայանը էլեկտրաէներգիա է մատակարարում համանուն թաղամասին և Երևանի հյուսիսային շրջանների մի մասին), արդիականացման աշխատանքներ իրականացնել Կապան քաղաքի ենթակայաններից մեկում:
ՀԷՑ–ը կավելացնի ոչ միայն ենթակայանների, այլև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման գումարները։ Միևնույն ժամանակ ներտնային ցանցերի վերանորոգման ծախսերը (բազմաբնակարան շենքերի մուտքերում) չեն ավելանա (առաջիկա մի քանի տարիներին նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել տարեկան մոտ 500 հազար դոլար)` չնայած որ մեծ մաշվածության և ծանրաբեռնվածության պատճառով այդ ցանցերը շատ լավ վիճակում չեն (տարբեր տարիներին բազմաթիվ բնակելի շենքերի առաջին հարկերում զանգվածաբար բացվել են խանութներ և սննդի կետեր):
Հավելենք, որ ցանցի թարմացման արդյունքում ՀԷՑ–ում պետք է նվազեն էլեկտրաէներգիայի կորուստները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021-24 թվականներին ընկերության էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները պետք է կազմեն ոչ թե 7,5%, այլ 2023-ից սկսած՝ 7%, իսկ 2028–ին՝ 6,4% (այս նիշից ավելի կորուստների համար ՀԷՑ–ը սակագներից փոխհատուցում չի ստանա)։
Ընկերության վարչական ծախսերը կկրճատվեն գրեթե կրկնակի՝ 2024 թվականի համար նախատեսված 3,1 մլն դոլարի փոխարեն 2025-26 թվականներին դրանք կկազմեն են շուրջ 1,7 մլն դոլար։
«Գազպրոմ Արմենիան» 2025 թվականից պետք է սկսի Երևանի գազամատակարարման բարելավման նպատակով կառուցված նոր խողովակաշարերի և բաշխիչ կայանների շահագործումը: Ցանցը պետք է վերազինվի նաև տասնյակ նոր բարձրահարկ շենքերի պատճառով, որոնք վերջին տարիներին կառուցվում են Երևանում։ Նոր ենթակառուցվածքը (23 մլն դոլար ծավալով) հիմնականում նախատեսվում է գործարկել հենց հաջորդ տարի։ 2026-ին այդ ծավալը կկազմի արդեն 14 մլն դոլար, 2027-ին՝ 10 մլն դոլար։
2025 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել Վանաձոր-Ալավերդի գլխավոր գազատարի՝ այս տարի մեկնարկած հիմնանորոգումը (Լոռու մարզը, որի գազամատակարարումն ապահովում է այս խողովակաշարը, այս տարվա մայիսին վնասվել էր հեղեղումների պատճառով): Նշված նպատակների համար 2024-25 թվականներին ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել մոտ 11,9 մլրդ դրամ(30,6 մլն դոլար)։ Բացի այդ, նախատեսվում է հիմնովին վերանորոգել Հայաստանի արևմտյան հատվածներով (Արմավիրից Մարալիկ) անցնող գլխավոր, ինչպես նաև Վանաձոր – Գյումրի գազատարերը։
Այս և այլ վերանորոգման աշխատանքների արդյունքում համակարգում պետք է նվազեն գազի կորուստները (ինչպես ՀԷՑ–ի պարագայում)։ 2020 թվականի արդյունքներով գազի կորուստները (գլխավոր և բաշխիչ ցանցերում) կազմել են մոտ 5,7%: «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծրագրով մինչև 2025 թվականը կորուստները պետք է նվազեն մինչև 3,9%, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3,0%:
2025-ին ընկերությունը կավելացնի վարչական շենքերի վերանորոգման և կահավորման ծախսերը. 2024-ին այդ նպատակի համար նախատեսվել է հատկացնել մոտ 200 մլն դրամ, իսկ 2025-ին՝ մոտ 970 մլն (մոտ 2,5 մլն դոլար):