Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ»-ի հակահայ գործունեությունը
Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։ Այա մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը
Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են, այսպես կոչված, «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք «միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին»:
Հարկ է նշել, որ «արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ և միջոցառումներ։
Այսպես՝ «Ադրբեջանական տներ»-ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվել էր «Ցեղասպանության և տեղահանության հանցագործություններն արևմտյան ադրբեջանցիների դեմ» խորագրով միջոցառում, ցուցադրվել էր նաև «İZ» (թարգմանաբար՝ հետք) «փաստագրական» ֆիլմը՝ հերթական անգամ հայերին մեղադրելով երևակայական տարածքի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պատմական հուշարձանները՝ ամրոցներ, պալատներ, դամբարաններ, մզկիթներ, կամուրջներ և այլն, ոչնչացնելու մեջ։
Ադրբեջանական սփյուռքի կողմից անցկացվող հակահայկական նմանօրինակ միջոցառումների թեմատիկան տարբեր է: Դեռևս փետրվարին Լեհաստանի Կրակով քաղաքում նորաբաց «Ադրբեջանական տուն» կազմակերպությունն անցկացրել էր, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» 32-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ իբրև թե լեհերին մանրամասն տեղեկություններ տրվեն Հայաստանի կողմից իրականացրած «էթնիկ զտումների» և «սպանությունների մասին»։
Lրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը նշել էր, որ պլանավորվում է ավելի շատ «Ադրբեջանական տներ» բացել, այդ թվում՝ մասնաճյուղեր Չեխիայում և Իրաքում: Իր խոսքում ադրբեջանցի պաշտոնյան նշել էր, որ աջակցում են «ազատագրված» տարածքների վերաբերյալ տարբեր լեզուներով գրքերի հրատարակմանը, և որպես օրինակ՝ ներկայացնում «Շուշիի պատմություն» գրքի գերմաներեն հրատարակումը:
Ուսումնասիրելով ադրբեջանական սփյուռքի գործունեությունը՝ վստահորեն կարելի է արձանագրել, որ այն հիմնված է հակահայկական բովանդակության վրա: Ըստ ամենայնի՝ Բաքվի իշխանությունն անգամ սփյուռքի միջոցով ջանք չի խնայում միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված հակահայկական փաստեր: