Արևմուտքի ճնշման ներքո Երևանը հրաժարվեց եռակողմ ձևաչափերում մասնակցությունից. Զախարովան կրկին Երևանին մեղադրեց
«Եռակողմ պայմանավորվածությունների դերը հնարավոր չէ թերագնահատել»,- այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության «4-ամյակին»։
Նրա խոսքով՝ չի կարելի թերագնահատել՝ ինչպես համաձայնագրի, այնպես էլ՝ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը, ով զգալի ջանքեր է կիրառել պայմանավորվածությունների կատարման համար։
«2021թ. հունվարին ՌԴ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ գագաթնաժողով, որտեղ տրվեց խաղաղության գործընթացի մեկնարկը, ինչպես նաև բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման համար ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբը։ Հետագայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևակերպվել է եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական համալիրը, սահմանվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները»,- մանրամասնեց Զախարովան։
Վերջինիս խոսքով, այդ պայմանավորվածությունների արդյունքում ռեալ, իրական արդյունքներ եղան, սակայն Արևմուտքի ճնշման տակ Երևանը սառեցրեց իր մասնակցությունը բոլոր եռակողմ ձևաչափերում։
Ապա խոսելով Հարավային Կովկասում Արևմուտքի քաղաքականության մասին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ նրանք «թքած ունեն Հարավային Կովկասի, այնտեղի ժողովուրդների ճակատագրի վրա»:
«Մենք, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված ենք տեսնելու անվտանգ, կայուն և բարգավաճող տարածաշրջան»,- ասաց Զախարովան։
Նա շեշտեց, որ ՌԴ-ն ներկայություն ունի Հարավային Կովկասում, այնտեղ ունի բնական, պատմական, տնտեսական, մարդասիրական, ֆինանսական շահեր և պատրաստ է զարգացնել տարածաշրջանը:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- նկատեց Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։