«Այս մարդը հայերին չի սիրում, ամեն քայլի կդիմի, բայց երբեք հրաժարական չի տա». Տիգրան Ավետիսյան
Երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» խորագրով ալբոմի երգերը ներկայացնում են 2018-ից հետո եղած Հայաստանի իրականությունը:
«Իմ մեջ վերջին տարիներին շատ բան էր կուտակվել, երկրում կատարվող բոլոր սխալ բաները որոշեցի երաժշտության տեսքով մեջիցս դուրս հանել: Ալբոմի համար սիրուն չէր լինի, օրինակ՝ սխալ կառավարություն անունն ընտրել, բացի այդ՝ երկիրը հենց համակարգն է, ոչ թե հայրենիքը: Հայրենիքը երբեք սխալ չի լինում: Մի փոքր հակասական անուն որոշեցի ընտրել ալբոմի համար, որն արդեն իսկ խոսակցությունների թեմա է դարձել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Տիգրանի խոսքով՝ ալբոմը պտտվում է երեք գաղափարի շուրջ՝ արտագաղթ, իշխանությունների վատ քաղաքականություն, Արցախի հայաթափում. «Արտագաղթը միշտ է եղել, բայց վերջին տարիներին նոր թափ է հավաքել, քանի որ մինչև 2018 թիվը բնակչությունն իշխանությունների հետ, կոպիտ ասած, յոլա էր գնում, 2018-ին մարդկանց մեջ հույս արթնացավ, իսկ հիասթափությունը շատ ուժեղ էր՝ մարդիկ լրիվ կոտրվեցին: Դրան գումարվեց Արցախի անկումը:
Ալբոմում երգեր կան, որոնք նվիրված են մեր զոհված տղաներին: Այս գաղափարների շուրջ է պտտվում ալբոմը: Ես կոմերցիայի հույս չունեմ, այդ մասին չեմ էլ մտածել, ալբոմն ավելի շատ պրոպագանդա է՝ արթնացնելու մեր հայրենակիցներին, ովքեր դեռ այս ամենից հետո կուրորեն հավատում են այս իշխանություններին, հույսեր կապում նրանց հետ: Ալբոմի շապիկին վարդագույն ակնոցներ են պատկերված. Մարդիկ վարդագույն ակնոցների հետևից են նայում իրականությանը և չեն տեսնում այն: Մայր Հայաստանի արձանն էլ շուռ տված է պատկերված, և եթե մի բառով նկարագրեմ՝ այդ ամենը կոչվում է անտարբերություն: Մայր Հայաստանի արձանը երբ հակառակ ես դնում՝ մի բան է, երբ դրա հետևում վարդագույն ակնոցներ ես դնում, ուզում ես ցույց տալ, որ հայրենակիցդ անտարբեր է նայում երկրի այս վիճակին»:
Երաժիշտը նկատեց՝ երաժշտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ մինչև 2018 թվականը փողոցում պայքարում էին այս պահին մանր թվացող բաների դեմ, օրինակ՝ տրանսպորտի, հոսանքի թանկացման դեմ, որը, ըստ նրա՝ նորմալ էր, բայց ներկայիս ժամանակում բացահայտում է նրանց իրական դեմքը.
«Եթե մարդը պայքարում է, օրինակ՝ նախկին իշխանության դեմ, որ 7 դրամով թանկացնում է լույսը, ու հիմա չի պայքարում ընդհանրապես ոչ մի բանի դեմ, ասում է՝ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ապա այդտեղ կարող է լինել երկու տարբերակ՝ կա՛մ այդ մարդն այս իշխանություններին է հարում, կա՛մ ունի օգուտներ:
Կան շատ երաժիշտներ, ովքեր այս իշխանությունների ժամանակ արդեն իրենք են զբաղվում քաղաքային տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, քաղաքապետարանի հետ աշխատում են, տարբեր բյուջեներից օգտվում են, և կան մարդիկ, որոնք այդ ամենի հետ կապ չունեն, բայց կարծում են, որ մենք ժողովրդավարության մեջ ենք խրվել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, որ Արցախը ռուսները տվեցին, այսինքն՝ այդ մարդկանց գլխի հետ ինչ-որ բան է կատարվում:
Ես 2018-19 թվականներին էլ էի ասում, որ սրանք աղետ են բերելու, բայց այդ ժամանակ հակառակ կարծիքն ունեցողների հետ հարաբերությունները թունավոր չէին, քաղաքական բանավեճերի վրա էին կառուցվում, բայց երբ 2020 թվականին մարդն իր հստակ դիրքորոշումն արտահայտում է, մի հատ էլ՝ 2021 թվին ընտրում է Նիկոլ Փաշինյանին՝ մտածելով, որ լավ է լինելու, արդեն կապերը խզվում են մարդկանց հետ, ում հետ ժամանակին, օրինակ՝ նվագում էինք»:
Նա նշեց, որ ունի երաժիշտ ընկերներ, որոնք մտահոգված են երկրում առկա իրավիճակով, բայց օրինակ՝ միտինգների երբեք չեն մասնակցում.
«Նրանք տանել չեն կարողանում այս իշխանություններին, տարբեր զրույցներում ասում են, որ նախկին իշխանություններն ավելի ճիշտ քաղաքականություն էին վարում, բայց չեն մասնակցում միտինգների: Մարդիկ էլ կան, որ և՛ մտահոգված են, և՛ ինձ հետ միասին մասնակցում են տարբեր միտինգների: Բայց մեր ոլորտից մոտ 70-80 տոկոսը չի մասնակցում, չի խառնվում, չի հետաքրքրվում ոչ մի բանով: Մարդու ենթագիտակցության մեջ անընդհատ բաներ են փոխվում, որ անկախ մեզանից է լինում. Եթե շատ հստակ կարծիք կամ կողմնորոշում ունեցող մարդու վրա դա չի ազդում, ապա մեծամասնության վրա ազդում է, այսինքն՝ մինչև 2018 թիվն ընդդիմադիր գործիչներն ու մեդիան մարդկանց վրա աշխատում էին, և նրանք անկախ իրենցից ենթագիտակցորեն չէին ամաչում իջնել և մասնակցել «Էլեկտրիկ Երևանին» կամ Սասնա ծռերի շարժմանը:
Հիմա ընդդիմադիր մեդիան չի աշխատում այնպես, ինչպես սրանք էին աշխատում, երբ ընդդիմություն էին, որովհետև սրանք հիմնված էին ստի, կեղծիքի վրա, ու դա ավելի լավ է աշխատում: Ինչպե՞ս է՝ երբ երկու հոգի վիճում են, սուտ ասողն ինչ ուզի՝ կարող է ասել, իսկ ճիշտն ասողը, փաստերից բացի, ոչինչ չի ասում: Հիմա այդ մարդկանց մեջ վերևից եկած ենթագիտակցորեն նստել է, որ այս իշխանությունը ոչ մի բանում մեղավոր չէ, որ մեզնից ոչինչ կախված չէ, այսինքն՝ այն, ինչ լսում ենք իշխանական մեդիաներով: Մի չնչին միտինգ կամ ակցիա միանգամից կապում են ռուսական ԿԳԲ-ի հետ, տարածում են հիմար ստեր, որոնք մեզ համար գուցե ծիծաղելի են, բայց մարդկանց մեծամասնությունն այդ կուտն ուտում է. Բագրատ Սրբազանը դուրս է եկել այս իշխանությունների դեմ, միանգամից նրան կապում են նախկինների և Ռուսաստանի հետ»:
Ալբոմի երգերից մեկը կոչվում է «Սողուններ», որի մեջ կան հետևյալ բառերը. «Դու մտածել չգիտես, սեփական չէ քո միտքը, գլխումդ են ներարկել իրենց գրած «սուրբ գիրքը»»: Տիգրանի խոսքով՝ այս դեպքում սուրբ գիրքը փոխաբերական իմաստով է գործածված. «Այսինքն՝ այն ամենը, ինչ իրենց ձեռք է տալիս, ներարկել են քո գլխի մեջ, և դու շարժվում ես իրենց ճանապարհով, այսինքն՝ ժողովրդին դարձրել են խամաճիկ, ինչը նախկինում այդպես չէր: Սողուններն այն մարդիկ են, ովքեր սեփական միտք չունեն:
«Սողուն» երգը գրվել է 2018-ի էյֆորիայի օրերին, երբ Փաշինյանը խոսում էր, մարդիկ չէին լսում, բայց ծափ էին տալիս: Երբ հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանին ասում էր՝ այսպիսի բան ես գրել ժամանակին, և ցույց էր տալիս «Հայկական ժամանակի» համարը, հրապարակում հավաքված ժողովուրդը սուլում էր, հենց Փաշինյանն էր խոսում՝ ծափ էին տալիս, այսինքն՝ այդ մարդիկ չէին լսում՝ ինչ են խոսում, ուղղակի Ռոբին Հուդ էին գտել իրենց համար, որը, հես է՝ գալու է հարուստների փողերը վերցնի՝ տա իրենց»:
«Սխալ երկիր» ալբոմի թեմատիկան անընդհատ պտտվում է ապրելու, չողբալու, ուժեղանալու, չարտագաղթելու շուրջ: «Ալբոմն ավելի շատ ասելիք ունի, որը կուզենամ տեղ հասնի: Ալբոմի երգերը հիմնականում պրոգրեսիվ ռոք ժանրում են, բայց տարբեր էլեմենտներ կան՝ բարդային, դասական, ռոքի այլ ուղղվածություններ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անձամբ երկրում առկա իրավիճակից ելք չի տեսնում, իշխանափոխությանն էլ չի հավատում:
«Եթե նույնիսկ մարդիկ 2018 թվի չափ փողոց դուրս գան, սրանք լիքը կորցնելու բան ունեն… Տեսեք՝ մենք 3 նախագահ ունենք, երկուսը հրաժարական են տվել, փաստացի հաղթած պետության նախագահ են երկուսն էլ, հիմա, սա կորցնելու բան ունի, ինքը գիտի՝ ինչքան օրենք են խախտել, ինչեր են արել՝ սկսած պառլամենտը շրջափակելուց, բռնաճնշումներ իրականացնելուց, մարդկանց ամիսներով բանտերում են պահում, օրինակ՝ Արմեն Աշոտյանին, այդ ամենը մի կողմ, վերջում էլ՝ Արցախի կորուստը:
Իրենք գիտեն՝ ինչ է իրենց հետ լինելու, իշխանություն կորցնել՝ նշանակում է՝ իրենց կյանքը վերջանում է այդ փուլում, այսինքն՝ կա՛մ փախնելու են երկրից, կա՛մ նստելու են: Այս մարդը հայերին չի սիրում, ամեն քայլի կդիմի, բայց հրաժարական չի տա, մինչև վերջ կգնա, իշխանափոխության տարբերակներից մեկը կարող է լինել ներքին փոփոխություն՝ իշխանական թիմում, կամ ուրիշ բան, բայց հեղափոխության ձևով…»,– շեշտեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում