Ինչպես են ԱՄՆ նախկին նախագահներն արձագանքել Թրամփի հաղթանակին
ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման արձագանքել են նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին:
78-ամյա Բուշը, որը հրապարակավ թեկնածուներից ոչ մեկին չի սատարել, շնորհավորել է Թրամփին 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել գործող նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ, նախագահի պարտված թեկնածու Քամալա Հարրիսին, գրում է Daily Mail-ը:
«Այս ընտրություններին մասնակցության բարձր տոկոսը վկայում է մեր երկրի առողջ լինելու և մեր ժողովրդավարական ինստիտուտների հզորության մասին: Աղոթում ենք մեր նոր ղեկավարների հաջողության համար կառավարության բոլոր մակարդակներում։ Թող Աստված շարունակի օրհնել մեր մեծ երկիրը», – նշել է Բուշ կրտսերը:
Օբաման և Քլինթոնը, որոնք աջակցում էին Հարրիսին, նույնպես շնորհավորել են Թրամփին, գրում է The Independent-ը:
«Ցանկանում ենք շնորհավորել նախագահ Թրամփին և սենատոր Վենսին (կլինի փոխնախագահ-Խմբ.) հաղթանակի կապակցությամբ։ Սա ակնհայտորեն այն արդյունքը չէ, որի հույսն ունեինք՝ հաշվի առնելով մեր խորը տարաձայնությունները հանրապետականների հետ բազմաթիվ հարցերի շուրջ: Բայց ժողովրդավարական պայմաններում ապրելը նշանակում է գիտակցել, որ մեր տեսակետը միշտ չէ, որ հաղթելու է, և պատրաստ լինել ընդունելու իշխանության խաղաղ փոխանցումը», – իր և կնոջ՝ Միշելի անունից սոցցանցերում գրել է Օբաման:
Մինչդեռ Բիլ և Հիլարի Քլինթոնները գրել են.«Ամերիկացի ժողովուրդը քվեարկել է, և Դոնալդ Թրամփը ու Ջեյ Դի Վենսը կլինեն Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը և փոխնախագահը։ Մաղթում ենք նրանց հաջողություն և հույս ունենք, որ նրանքբոլորիս համար ղեկավար կլինեն»։